Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում», ասել է Էրդողանը:
Այս լուրը կարող է ուրախացնել ոչ միայն Էրդողանին, այլեւ Հայաստանում քաղաքական-փորձագիտական այն շրջանակներին, որոնք արդարացնում են Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե Ռուսաստանը չվաճառի՝ Ադրբեջանն այլ տեղից կգնի զենքը, եւ որ Ադրբեջանին զինելով, Ռուսաստանն այդպիսով վերահսկողության տակ է պահում նրան:
Նախկինում ասում էին նաեւ, որ Ռուսաստանը չի թողնի, որ այդ զենքը կրակի հայերի վրա, բայց ապրիլից հետո այդ մասով լռում են, ընդհանրապես լռության են մատնում ապրիլյան իրադարձությունները:
Հիմա ասպարեզն ավելի է լայնանում եւ ստանում աշխարհքաղաքական ընդգրկում: Քաղաքական-փորձագիտական այն շրջանակները նույնպես կարող են ընդլայնել իրենց արտահայտման արեալը եւ ասել, որ Ռուսաստանը զինում է Թուրքիային նրան վերահսկողության տակ պահելու համար: Հնարավոր է՝ դա օգնի դուրս գալ նաեւ գաղափարական ճգնաժամից:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am