Պուտին-Ալիեւ հանդիպմանը Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա, պատճառել զգալի վնասներ: Դիպուկահարը թիրախավորել է նաեւ մի պատանու, ով կարողացել է թաքնվել եւ ողջ մնալ:
Ադրբեջանը գրեթե միշտ նման հանդիպումներից առաջ ու նաեւ հանդիպումների ժամանակ դիմում է նման քայլերի: Այդ առումով, Տավուշի բնակավայրերի գնդակոծությունը նորություն չէր: Նորություն չէ նաեւ այն, որ այն ռազմաքաղաքական բլոկը, որին անդամակցում է Հայաստանը, որեւէ կերպ չի արձագանքել:
Ենթադրվում է, որ որեւէ բլոկի դեմ հարձակումը հարձակում է նաեւ մյուս անդամ երկրների դեմ: Բայց այս տրամաբանությունը ՀԱՊԿ դեպքում չի աշխատում, բացի այդ, բլոկին պետք է դիմի տվյալ երկիրը, որը ենթարկվել է ագրեսիայի, իսկ Հայաստանը սովորաբար չի դիմում: Միայն երբեմն Սերժ Սարգսյանը տրտնջում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները հեռախոսը չեն վերցնում ու իրեն չեն զանգում:
Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Իհարկե, եթե դիմի՝ անկասկած մերժում կստանա, եւ ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ երկրների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում Ռուսաստանը, Ադրբեջանի դաշնակիցներն են: Խնդիրն այն է, որ այդ մերժումից հետո ՀԱՊԿ-ը պարզապես հիմար վիճակում կհայտնվի, այդ թվում Հայաստանը, թեեւ Հայաստանը վաղուց այդ վիճակում է:
Իսկ կարո՞ղ է այս հանգամանքը Հայաստանն օգտագործել որպես լծակ, օրինակ հայտարարի՝ զսպեք Ադրբեջանին, թե չէ կդիմեմ օգնության համար, եւ բոլորդ կհայտնվեք հիմար վիճակում:
ՀԱՊԿ անդամներն իհարկե կարող են ասել, որ մի քանի կրակոցը չի նշանակում հարձակում: Հետաքրքիր է, ինչպես կարձագանքեն օրինակ Ռուսաստանը կամ Ղազախստանը, եթե գնդակոծվեն իրենց խաղաղ բնակավայրերը:
Հարձակումը միայն կոնկրետ ակտ չէ, այլ կարող է դրսեւորվել թե «սողացող» պատերազմի, թե պարբերական գնդակոծությունների ձեւով, առավել եւս՝ խաղաղ բնակավայրերի:
Պուտին-Ալիեւ հանդիպմանը Հայաստանի դեմ կրակոցներն առավել եւս հարձակում են՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման ներկայիս շրջանում: Հայաստանը չի արձագանքել այդ կրակոցներին, տեղեկություն չկա պատասխան քայլերի ձեռնարկման մասին:
Հայաստանի իշխանության կեցվածքի պատճառով գնդակոծություններն արդեն դարձել են «սովորական» մի բան:
ՀԱՊԿ-ին իսկապես պետք չէ դիմել, պետք է մտածել այլ ռազմա-քաղաքական դաշինքների հետ հարաբերություններ կառուցելու եւ դաշնակիցներ ունենալու մասին:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am