Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Վարդան Սեդրակյանի գործով երրորդ դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Մահափորձը իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից դատական նիստի ընթացքում վկայություն է տվել գործով վկա Պարույր Հայրիկյանի կինը` Սուսաննա Ավագյանը:
Վերջինս իր ցուցմունքում նշել է, որ Հայրիկյանին այդ դեպքից անմիջապես հետո տեսել է իրենց շենքի հարթակի վրա ընկնելիս, սկզբում մտածել է, որ կաթվածահար է եղել, բայց արյունը տեսնելով հասկացել է, որ վիրավորվել է:
Դատավոր Գագիկ Պողոսյանի այն հարցին, թե ի՞նչ է իրեն պատմել Պարույր Հայրիկյանը ուշքի գալուց հետո, վկան պատասխանել է, որ տեսել է իրեն մոտեցող ինչ-որ մարդու ձեռք, որը եղել է փաթաթած վիճակում, ինչը Հայրիկյանի համար զարմանալի է եղել: Պարույր Հայրիկյանի կինը չի շարունակել վկայություն տալ, ասելով, որ մնացածի մասին կպատմի հենց Հայրիկյանը:
Վկան նշել է, որ այս պահին Պարույր Հայրիկյանը գտնվում է հիվանդանացում, որտեղ բուժզնման է ենթարկվում և չի կարող հստակ ասել, կներկայանա այսօր դատարան, թե ոչ:
Նշենք, որ այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել և այս դատական նիստի ընթացքում պետք է վկայություն տա նաև Պարույր Հայրիկյանը:
Վերջինս կներկայանա դատարան, թե ոչ, դեռ անհայտ է: