Ադրբեջանում հետաքննում են նորածնի մահվան դեպքը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Լյանքյարանի շրջանում։ contact.az-ի հաղորդագրությամբ Դարգուբա գյուղի բնակիչ Շաիհ Նուրիեւը հուլիսի 30-ին զանգահարել է ոստիկանությոն ու հայտնել մանկասայլակից իր հինգ օրական երեխայի անհետացման մասին։ Այդ նույն օրը Նուրիեւը նորից է զանգահարել ու հայտնել , որ նորածնի դին գտել է իր բակի ջրհորի մեջ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հանել են երեխայի մարմինը ջրհորից։

Հարուցվել է քրեական գործ, իրականացվում է օպերատիվ որոնողական աշխատանք։ Տեղի լրատվամիջոցները տեղի ունեցածի մասին զանազան վարկածներ են առաջ քաշում, որոնցից մեկի համաձայն նորածնին միտումնավոր են սպանել, քանի որ նա աղջիկ էր։