Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում հյուրընկալել է ֆենոմենալ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անձամբ էր դիմել քաղաքապետին ընդունելության խնդրանքով:
Սիմոն Հարությունյանն օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցի: Ի դեպ, փոքրիկ Սիմոնն իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար՝ Սիմոն Հարությունյանի հայրը` Լևոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երևանի պատիվը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաև նվերներ է հանձնել փոքրիկին: