NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 1–ին, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Հիշեցնենք, որ անհայտ անձը ներխուժել է գյուղի գերեզմանատանը գտնվող սգո սրահ եւ կրակ բացել մարդկանց վրա, որի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել ութ քաղաքացի։ Նշենք, որ սա եզդիաբնակ գյուղ է։
Մեզ հասած տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը միջին տարիքի տղամարդ է, ազգությամբ եզդի։ Նախնական վարկածով՝ սգո սրահում կրակ բացելու դրդապատճառը եղել է կենցաղային, պարտք ու պահանջ է ունեցել գյուղացիների հետ։ Վերջինս պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։ Իր հարազատներն ու ծանոթները իրեն պարտք են եղել , պարբերաբար պահանջել է, չի ստացել, ինչի հետեւանքով վրդովված այսօր ներխուժել է սգո սրահ, որտեղ եզդիական ավանդույթի համաձայն գերեզմանի օր է եղել ու եւ կրակել մարդկանց վրա։ Ընդգծենք, որ սա նախնական վարկածն է, մանրամասները պարզվում են։
Դեպքի վայրում «Նիվա» մակնիշի մեքենա կա, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում է կասկածյալին։