Այսօր  Կենտրոն և Նորք ­Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած Վարդան Սեդրակյանի գործով դատական քննությանը ներկա էին ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, նրանց պաշտպաններ Ա.Սիրունյանը, Գ.Գալոյանը և Ավետիսյանը, մեղադրող կողմը և տուժողի ներկայացուցիչ Բաղդասարյանը: Նիստին ներկա չէր տուժող Պարույր Հայրիկյանը:

Դատական նիստի ընթացքում ներկայացան վկաներ Սուսաննա Ավագյանը՝ տուժող Պարույր Հայրիկյանի կինը, Նարե Հայրիկյանը՝ տուժողի դուստրը և տուժողի հարևաններ Սեդա Գևորգյանն ու Խաչատուր Ջանալյանը:

  Առաջինը վկայություն տված Սուսաննա Ավագյանը հայտնեց դատարանին, որ դեպքից հետո, երբ տուժողը գիտակցության  է եկել, պատմել է իրեն, թե ինչպես է նկատել այդ օրն իր ետևից եկող կասկածելի անձնավորության՝ ձեռքը փաթաթած վիճակում: Վկան նաև նշեց, որ Պարույր Հայրիկյան, 18 տարի բանտարկված լինելով, շատ փորձությունների միջով է անցել և չէր կարող նման բանն իր աչքից վրիպել կամ թվալ իրեն: Վկան այսքանով ավարտեց իր խոսքը՝ ասելով, որ մնացածի մասին դատարարնին կպատմի հենց տուժողը:

  Հաջորդը վկայություն տվեց Նարե Հայրիկյանը, ով պատմեց, թե ինչպես է լսել պայթյունի ձայն այն ժամանակ, երբ ինքն ու մայրը հեռուստացույց էին դիտում, արագ ,ոտեցել է պատուհանին, լսել՝ ինչպես են «օգնեցեք» կանչում, և նկատել է, որ շենքի շքամուտքի մոտ պորտֆեյլ է ընկնում: Սրանից հետո մոր հետ արագ դուրս են եկել բնակարանից և տեսել, որ հարթակին ընկած է Պարույր Հայրիկյանը՝ վերնաշապիկն ամբողջությամբ արյունոտ: Ներկա են եղել նաև հարևանները, ովքեր ոտիկանություն և շտապ օգնություն են զանգահարել:

   Վկաներ Սեդա Գևորգյանն ու Խաչատուր Ջանալյանը, պատմեցին դատարանին, որ այդ ժամանակ գտնվել են տանը և բացականչությունները լսելուց հետո դուրս են եկել և տեսել վիրավոր Պարույր Հայրիկյանին:

   Նախաքննությանն ու դատական նիստի ժամանակ տրված ցուցմունքներում առկա էական հակասությունները, որոնք ներկայացրեց  պաշտպանական կողմը, վկաների կողմից պատճառաբանվեցին այնպես, որ անցել է երկար ժամանակ, և մոռանալու և շփոթվելու հավանականությունը մեծ է: Իսկ Սեդա Գևորգյանը, ով, ի դեպ, Կառավարության աշխատակից է, նշեց, որ այդ ժամանակ այնքան շատ էին իրենց կողմից տրված ցուցմունքներն ու ստորագրված արձանագրությունները, որ իրենք այն ժամանակ էլ կարող էին շփոթվել:

  Դատարանի կողմից հայտարարված ընդմիջման ժամանակ պարզ դարձավ, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը ունի շաքարային դիաբեդ հիվանդություն, և այդ ժամանակ վատ ինքնազգացողություն ունենալու պատճառով դատարանը դիմել է շտապ օգնություն: Իսկ արդեն նիստի վերսկսվելուց հետո ամբաստանյալը միջնորդություն հայտնեց, ելնելով իր ինքնազգացողությունից, հետաձգել դատական նիստը, ինչին չառարկեցին պաշտպանական և մեղադրող կողմերը: Դատարանն այս հիմնավորումը գնահատեց բավարար և նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի հունիսի 7­ը:

 Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը ղաղարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։