Աշնանային եթերաշրջանին ընդառաջ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը կարճատև հանգիստ է ունեցել, որն անցկացրել է Վրաստանում։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան ասաց, որ տպավորված է Բաթումիով։
«Մայրիկիս ցանկությամբ մեկնեցինք Բաթումի։ Ամեն բան այնքան լավ էր, որ մի քանի օրից մայրիկիս կրկին կուղարկեմ Բաթումի, այս անգամ երեխաներիս հետ։ Սա երեխաներիս համար նաև գնացք նստելու հնարավորություն կլինի։ Վաղուց են ուզում գնացքով ինչ–որ տեղ գնալ, բայց աչքերը բացել են ու օդանավով են շրջագայում»,– ասաց նա։
Դիանան հայտնեց, որ ինքն ու մայրը Վրաստան գնացել են իր մեքենայով։ Նրա խոսքով` այս ուղևորությունը նաև հնարավորություն էր փորձելու, թե ինքն ինչպիսի վարորդ է երկար ճանապարհ գնալիս։ Սցենարիստը հաղթահարված է համարում փորձությունը։
«Բաթումիում ընդամենը 6 օր անցկացրինք և չեմ կարող համարել, որ լիարժեք հանգստացել եմ, սակայն ամռանն այլևս չեմ կարող մեկնել հանգստի։ Գործերի մեջ թաղված եմ։ Առաջիկայում նոր հեռուստասերիալ եմ նկարահանելու, բացի այդ, 25 մասանոց նոր ֆիլմ պետք է ներկայացնեմ։ Հիմա այդ աշխատանքներով եմ զբաղված։ Եթե ամեն բան հաջող ընթանա, հնարավոր է` ես և Ալլան սեպտեմբերին մեկնենք Իտալիա։ Ամեն բան կախված է գործերից»,– ասաց նա ու հավելեց, որ ամեն դեպքում նախատեսում է ակտիվ հանգիստ ունենալ։ «Ես չեմ սիրում պասիվ հանգիստ։ Չեմ կարող պառկել ու ոչինչ չանել։ Դրանից ավելի շատ կհոգնեմ։ Ես հանգստավայրից էլ եմ աշխատում»,– նշեց Դիանան։
Զրույցի պահին սցենարիստը պատրաստվում էր գնալ օդանավակայան` Ալլային և Շառլին դիմավորելու։ Նա սրտատրոփ և կարոտով սպասում էր երեխաների վերադարձին։ Վերջիններս հայրիկի հետ մեկնել էին ԱՄՆ, որտեղ անցկացրել էին 17 օր։ «Նրանք Լոս Անջելեսում էին, հետո` Վաշինգտոնում։ Շատ լավ ժամանակ են անցկացրել այնտեղ, սակայն ԱՄՆ մեկնելն այլևս հանգիստ չեն դիտարկում։ Քանի որ ԱՄՆ քաղաքացի են ամեն տարի մեկնում են այնտեղ, իսկ վերադառնալիս հարցնում` իսկ որտեղ ենք հանգստանալու:)»,– ասաց Դիանան։
Պրոդյուսերը նշեց, որ այս անգամ երեխաներից բաժանումը շատ ավելի բարդ էր։ «Շատ եմ կարոտել երեխաներիս, բացի այդ, այս անգամ շատ լարված էի։ Երբ իրենք օդանավում են լինում, ես շատ անհանգիստ եմ, ինձ հետ խոսել չի լինում,– ասաց նա ու հավելեց, որ երեխաներն իրենց հայրիկի` Դավթի հետ են մեկնել ԱՄՆ։ –Երեխաներս երբեք մենակ չեն ճամփորդել։ Դա բացառված է։ Դավիթը եկավ, տարավ երեխաներին, հիմա էլ բերում է Հայաստան։ Հաճախ ԱՄՆ–ից գալիս, 2-3 ժամ է մնում Հայաստանում և երեխաների հետ մեկնում, բայց միշտ անձամբ է ուղեկցում նրանց»։
Մանրամասները ` Tert.am