Մանիլայում ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին գործերի նախարարները, որի ժամանակ «հաշտվելու» նոտաներ են հնչել: Մասնավորապես, Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «որոշակի պատրաստակամություն» է ցույց տվել ուկրաինական հակամարտության լուծման շուրջ բանակացությունների հարցում:
Լավրովն ասել է, որ կողմերն անհրաժեշտ են համարել պրագմատիկ, ապաքաղաքականացված երկխոսություն սկսել փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ: «Ինձ թվաց, որ պետքարտուղարի հետ ըմբռնում ենք գտել», - ասել է Լավրովը:
Ամերիկա-ռուսական հարաբերությունները կարեւոր են Հայաստանի համար նախ եւ առաջ այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գլխավոր դերակատարներն են: ««Իրականում մենք ուշի ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին: Այդ խաղացողների հետ, որոնց հարաբերությունները սրվել են, մենք ոչ միայն երկուսի հետ ունենք հարաբերություններ, այլ երկուսն էլ Մինսկի խմբի համանախագահներ են», - ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Փաստացի, Մինսկի խմնի համանախագահներից մեկը կոշտ պատժամիջոցներ է ընդունում մյուսի դեմ: Դժվար է ասել, թե ղարաբաղյան կարգավորման շրջանակում ինչպես է ստացվում երկխոսությունը պահպանել:
Մինչ այժմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ «պատժի» մյուս միջոցներին Ռուսաստանում խոստանում էին պատասխանել, Մոսկվան անգամ «անհամարժեք պատասխան» է տվել, որից տուժել են Ռուսաստանի քաղաքացիները: Օրինակ, արգելք է դրվել ամերիկացիների կողմից Ռուսաստանում երեխաներ որդեգրելու վրա:
Այս անգամ Ռուսաստանի արձագանքն անսովոր անաղմուկ էր, արձագանք ընդհանրապես չկար, եթե հաշվի չառնենք ամերիկացի դիվանագետների թվի կրճատումը: Լավրովն ավանդաբար զենք չի ճոճել, Շոյգուն չի հայտարարել Սիրիայում «Կալիբր» հրթիռներով նոր հարվածների մասին:
Կարելի՞ է պնդել, որ Ռուսաստանը եզրահանգել է, որ եկել է ԱՄՆ հետ հաշտվելու ժամանակը: Ի՞նչ պայմաններով են Պուտինն ու Լավրովը ճանաչում ԱՄՆ առաջատարությունը եւ համաձայնվում ամերիկյան ծրագրերին բոլոր տարածաշրջաններում:
Շուտով Ռուսաստանում նախընտրական շրջան է, եւ բուրյաթ ֆերմերն արդեն խնդրել է Պուտինին դիտարկել նորից առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը խոստացել է մտածել, սակայն դրա համար անհրաժեշտ է գոնե ժամանակավոր թուլացնել ԱՄՆ հետ առճակատումը նախ եւ առաջ յուրային օլիգարխներին հանգստացնելու համար:
Թիլերսնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է վերջնականապես փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն հայտնի չէ, թե ինչ կարծիք ունի Կոնգրեսը, որտեղ մեծանում է Մաքքեյնի ազդեցությունը, ով կարծում է, որ Ռուսաստանին ու Պուտինին պետք է խիստ պատժել:
Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն իրոք մնում է միակ հարթակը, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համագործակցում են, գոնե հավասարակշռում են միմյանց: Փորձագետները բազմիցս կարծիք են հայտնել, որ Մինսկի խումբն ու ղարաբաղյան հակամարտությունը կարող են ամերիկա-ռուսական հարաբերությունների վերափոխման հարթակ դառնալ:
Հարաբերությունների վերջնական վատթարացումը եւ առճակատումը կարող են հանգեցնել Մինսկի ձեւաչափի փլուզման եւ ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի եւ ԱՄՆ «անջատ» քայլերի: Հաշտությունը նույնպես կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա. կարող է «ազդեցության գոտիների նոր բաժանումը» Հարավային Կովկասում փորձարկելու գայթակղություն առաջանալ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					