Մարտի 22-ին տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ մինչ այդ նախաձեռնող խումբը` 28 հոգի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նոր կուսակցություն գրանցելու նպատակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Նախաձեռնող խմբի կազմում հիմնականում անկուսակցականներն են ու ՀՀՇ վարչության անդամները: Երեկ էլ տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ժամանակ որոշվել է փետրվարի 23-ին հրավիրել կուսակցության արտահերթ համագումար, որի օրակարգում լինելու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելը: Ենթադրվում է, որ ՀԱԿ-ի անկուսակցական անդամները, հնարավոր է նաև ՀՀՇ-ն, կազմավորեն նոր կուսակցություն, իսկ ՀԱԿ առանցքային կուսակցությունները` ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, որոնք չեն մտնի այդ ուժի կազմում, սերտորեն կհամագործակցեն նրա հետ` դաշինքի ձևով: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` այդ հարցում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՍԴՀԿ-ն և ՀԺԿ-ն մաս չեն կազմի ՀԱԿ-ին


