Սեպտեմբերից պարտադիր ուսուցումը կդառնա 12-ամյա, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը․ «Նախկինում շատ դպրոցականներ 9-ամյա կրթություն ստանալուց հետո այլևս չէին շարունակում իրենց ուսումը, սակայն սեպտեմբերից երեխան, ավարտելով իններորդ դասարանը, կամ պետք է հաճախի ավագ դպրոց, կամ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին որակավորման ուսումնական հաստատություն»։
Բանախոսը նաև նշեց, որ կրթության կազակերպման հետ կապված տարատեսակ խնդիրներ կան, օրինակ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ ասելով, որ դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու իրավունքից։
ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ծնողներին պետք է բացատրել, որ երեխաները վեց տարեկանը լրանալուն պես պետք է հաճախեն դպրոց և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։
Բանախոսներն անդրադարձան նաև կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, թե որքան երեխա է դուրս մնացել մեկ տարվա ընթացքում․ «ԿԳՆ կարող է կրթությունից դուրս մնացած այն երեխաների տվյալները տալ, որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց։ 2015-16թթ․-ի հաշվարկով կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը 300 է, որը մեկ տոկոսից քիչ է։ Երբ նայում ենք տվյալները, 300-ի մեծ մասը դպրոց չի հաճախում, քանի որ ծնողները պատճառաբանում են ծանր սոցիալական պայմանները»։