Ապահովագրական ընկերությունները գումար աշխատելու նոր ձեւ են գտել։ «Հրապարակը» վերջին շրջանում մի շարք ահազանգեր է ստանում, որ ապահովագրական ընկերությունները մի քանի տարի անց դիմում են փոխհատուցում ստացած վարորդներին եւ գումարը հետ պահանջում։
«Կոնկրետ մի քանի հայց ենք ստացել, դեպքը եղել է 2014թ.-ին, վարորդը մեղավոր է եղել, ԱՊՊԱ-ն գումարը տվել է տուժողին, 3 տարի անց դատի է տվել ու փողը ուզում է։ Բանն այն է, որ պայմանագրում կետ կա, որ անհապաղ պետք է զանգես վթարի դեպքում, այսինքն՝ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Պայմանագրում կետ կա նաեւ, որ եթե պայմաններից մեկը խախտում ես, կարող են գումարը հետ ուզել։ Այդ երկու կետերն են դնում հայցերի հիմքում, նայում են արխիվը, տեսնեն՝ ով է ուշ զանգել, ըստ այդմ՝ դատարան են մտնում: Բայց սա լկտիություն է, չէ՞ որ որեւէ բան չի գրված, թե քանի րոպե հետոն է նշանակում անհապաղ կամ առաջին իսկ հնարավորության դեպքում։
Կոնկրետ այս դեպքում վարորդի մոտ հեռախոս չի եղել, մեկ այլ դեպքում վթարի ենթարկվածը լավ չի զգացել իրեն, մինչեւ խելքի է եկել, հեռախոս գտել, մի ժամ անցած է եղել, հիմա իրենք երեւի նեղն են ընկել, դրել վեր են լուծում հին դեպքերը, զանգերի վերծանումներն են հանում, տեսնեն ոնց կարող են գումար աշխատել։ Համարում են, որ ԱՊՊԱ-ին 45 րոպե ուշ է զանգել, վերջ, պատշաճ չի կատարել պարտավորությունները, անհապաղ չի դիմել, կարող են գումարը հետ ուզել։ Եթե դատարանները սկսեն բավարարել հայցերը, սա շատ վատ կլինի, կանաչ լույս կվառի ԱՊՊԱ-ների համար, իսկ վարորդների համար կլինի իսկական ծուղակ»,-մեզ հետ զրույցում պատմեց այս գործերով զբաղվող իրավաբաններից մեկը։
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am