Իսկ հնարավո՞ր է ավելի խորը հարաբերություն Արեւմուտքի ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ում բոլո՞րն են Հայաստանին սպասում գրկաբաց, մեկ ամիս առաջ Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հարցերին հարցով պատասխանում էր Սերժ Սարգսյանը:
Դրանից ընդամենը մեկ ամիս հետո Վրաստանում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությանը Հայաստանի մասնակցությունը հավասարակշռեց իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանի համար արտաքին մանեւրի բավական մեծ դաշտ ապահովեց: Դա արդեն նկատելի է զորավարժություններին հետեւած իրադարձություններից: Ընդ որում, խոսքը ռազմա-քաղաքական բավական ընդգրկուն իրողությունների մասին է:
Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Հայաստանի միակողմանի արտաքին կողմնորոշումը Հայաստանը խոցելի էր դարձրել ռազմա-քաղաքական առումով, նկատի առնելով Ռուսաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների բավական բարդ ու գրեթե անլուծելի կծիկը: Դրանք բնականաբար կապված չեն միայն հայկական խնդիրների հետ եւ ընդգրկում են խնդիրների լայն շրջանակ՝ Սիրիա, էներգահաղորդակցություններ, քրդական խնդիր եւ այլն:
Այս իրավիճակում, պատմական փորձը նկատի առնելով, մեծ է գայթակղությունն ու հնարավորությունը, որ
յի միջեւ խնդիրները կարող են լուծվել այդ թվում հայկական շահերի հաշվին: Զուր չէ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը նյարդային արձագանքած ռուսական փորձագիտական շրջանակներում սկսել են հիշել 100-ամյա վաղեմության ռուս-թուրքական համաձայնությունները:
Սակայն սա վաղ է վերագրել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, քանի որ ժամանակները փոխվել են, եւ այդ սխեմաները նոր իրողություններում կորցրել են իրենց արժեքը: Ռուսաստանն ինքն ունի նույն այդ 100-ամյա պայմանագրերի բացասական փորձը, որի հետեւանքները ներկայում զգում է միջազգային գործերում, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, որքան էլ տարօրինակ թվա, Ռուսաստանի համար ունի ավելի շատ դրական նշանակություն, հայկական խնդիրների «բեռից» որոշ չափով ազատվելու եւ թուրքերի ու ադրբեջանցիների հետ ավելի անկաշկանդ ու չպարտավորեցնող հարաբերություններ կառուցելու առումով:
Իր հերթին, որոշակի առումով դա դրական է նաեւ Թուրքիայի համար, քանի որ նկատելի է, որ Ադրբեջանը նրա համար նոր իրողություններում դարձել է բավական լուրջ արգելակ: Փորձագետները տեսակետ են հայտնում, որ Էրդողանի առաջիկա այցը Բաքու կապված է հենց այդ խնդիրների հետ:
ԵՏՄ-ին Թուրքիայի հնարավոր միանալու մասին տեղեկությունները կարելի է ասել այս իրավիճակի որոշակի արձագանքն են: Հասկանալի է, որ Թուրքիան չի անդամակցելու այդ միությանը, սակայն այստեղ Անկարայի համար կարեւոր է քաղաքական գործընթացն ինքնին:
Այնուամենայնիվ, դարասկզբի սխեմաների կիրառման վտանգը մնում է, եւ Հայաստանը կանգնած է հարաբերությունների բավական բարդ, ռիսկեր ու միաժամանակ հնարավորություններ պարունակող խնդիրների առջեւ: Սխեմաները կրկնվելու սովորություն ունեն, եթե դրանցից հետեւություններ չեն արվում, եւ չի վարվում ինքնիշխան համարժեք քաղաքականություն:
«Մեզ գրկաբաց չեն սպասում» տիպի արտահայտությունները ոչ մի առնչություն չունեն քաղաքականության հետ: Նման հավատամք դրսեւորածներին ոչ մի տեղ էլ չեն սպասում: Փոխարենը, ցանկացած նախաձեռնություն ու քայլ, որն ուղղված է նոր հարաբերությունների կառուցմանը, ունենում է համապատասխան արձագանք ու ազդեցություն: ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցությունն անկասկած այդ շարքից էր:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am