Politik.am-ը գրում է.
Աջաղկողմյան ղեկ ունեցող մեքենաների վարորդները կարող են մեծ խնդրի առաջ կանգնել: Այսօր էլեկտրոնային պարբերականներից մեկը հրապարակեց մի լուր, ըստ որի ճանապարհային ոստիկանությունը, գրանցում է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները, սակայն զգուշացնում է, որպեսզի, անպայման, ղեկային համակարգի կառուցվածքը փոխեն:
Պարբերականը այս հանգամանքից ելնելով ենթադրել էր, որ հնարավոր է կառավարությունը օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գա և արգելի աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում:
Իհարկե ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես նման օրենք կամ որոշում դեռևս չունի, սակայն պետք է նկատել, որ աջ ղեկ ունեցող մեքենաների խնդիրը շաբաթներ առաջ քննարկվել է կառավարությունում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն անգամ հրահանգել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվի մեքենաների ներկրման հարցը, այդ թվում նաև աջակողմյան ղեկ ունեցող մեքենաներինը, անհրաժեշտության դեպքում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Politik.am-ը իր հրապարակումներից մեկում նկատել էր, որ աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումն արգելելու գաղափարը հղացել է Կարեն Կարապետյանի մերձավորների մոտ: Նրանց հաշվարկներով Հայաստանում կան տասնյակ հազարների հասնող աջ ղեկով մեքենաներ և նրանց ղեկի տեղափոխման վրա մեծ գումարներ կարելի է աշխատել:
Մինչ օրենքի ուժով աջ ղեկով մեքենաների շահագործման արգելումը, վարչապետի թիմակիցները պատրաստվում են ստեղծել մեքենաների ղեկի փոփոխության ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք և կաշխատեն միլիոններ՝ նոր օրենքի շնորհիվ:
Ի դեպ, նոր օրենքով հնարավոր է, որ աջ ղեկի տեղափոխման ծառայությունը կարգավորվի լիցենզիայով, որն էլ խաղից կհանի մանր խաղացողներին։
Նյութի աղբյուրը՝ Politik.am