Այդ նյութերը պետք է վառվեին համապատասխան վառարաններում և չպահպանվեին, շատ հնարավոր է, որ անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանումն է եղել հրդեհի պատճառը: «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն այսպիսի հայտարարություն է արել «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհին:
Եթե նյութն ստացվում է տեխնոլոգիայի ժամանակ, պետք է նյութի պահպանման հարցը կարգավորել անվտանգության տեսակետից. Էթինոլ նյութը պետք է այրվեր, որի համար կան հատուկ վառարաններ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը՝ անդրադառնալով «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհին:
«Այդ նյութն ստացվել է 7 տարի առաջ, երբ գործարանն աշխատում էր: Արտադրության ժամանակ մենք ինքներս այդ նյութն այրում ենք: Դրա համար կան համապատասխան վառարաններ: Նյութը մեզ մոտ ստացվում էր քլորոպրենի արտադրության ժամանակ որպես թափոն»,-ընդգծել է նա՝ հավելելով. «Նյութը պահպանելու համար կան անվտանգության կանոններ: 2006 թվականին նման դեպք եղավ, որի հիմնական պատճառն այն էր, որ քանի որ այն դյուրավառ նյութ է, տաքանալու ժամանակ գազեր են արտանետվում, որոնք շատ շուտ բռնկվում են»:
Նախկին տնօրենը նշեց, որ այդ դեպքից հետո իրենց մասնագետները որոշել են տարաների մեջ ազոտ ներարկել, որ օդի հետ շփումը նվազի եւ օդային պատնեշ ստեղծվի. «Այդ տարիների պահպանվածները չեն այրվել: Մենք ունենք 4-5 այլ տարաներ, որոնք բաց են, շփում կա օդի հետ, այդ տարաներն են վառվել»:
Նա չբացառեց, որ անվտանգության կանոնների չպահպանումը կարող էր հրդեհի պատճառ լինել:
Նախկին տնօրենի խոսքով, այժմ պարզվել է, որ շատ օգտակար է էթինոլ նյութը, քանի որ ներդրումային ծրագրերում նշվել է, որ դրանից կարելի է արտադրանք ստանալ. «Եթե կառավարության հետ ընդհանուր հայտարարի գան «Նաիրիտն» աշխատեցնելու հարցում, այս նյութը կդառնա ոչ թե թափոն, այլ վաճառքի ենթակա օգտակար նյութ»:
Հարցին, թե ով է պատասխանատու չաշխատող «Նաիրիտում» անվտանգության համար, նախկին տնօրենը պատասխանել է, որ կառավարության որոշմամբ՝ «Նաիրիտ» գործարանի անվտանգությունն ապահովում է ԱԻՆ-ը. «Ստացվում է, որ ԱԻՆ-ը պետք է կարողանար պահպանությունը կատարել: Ենթադրում եմ՝ աշխատակիցների քիչ քանակի պատճառով հատուկ պահպանության աշխատանքները չեն կատարվել»: