Իսրայելական Aeronautics պաշտպանական ընկերությունը բորսային կոմյունիկե է հրապարակել, որի համաձայն՝ պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության վարչությունը ժամանակավորապես արգելափակել է կարեւոր հաճախորդին 20 մլն դոլարի Orbitier K1 անօդաչու թռչող սարքի մատակարարման գործարքը։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով NEWSru.co.il-ը։
Կոմյունիկեում ասվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեն 2017-2018 թվականներին։ 2016 թվականին տվյալ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամտի 20 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 18։ Ընկերությունը հաճախորդին չի նշում՝ մատնանշելով, որ խոսքը, ըստ Moody's ընկերության, Ba վարկային վարկանիշով երկրի մասին է, որի հետ Իսրայելը սերտ տնտեսական կապեր ունի։
Բացի այդ՝ այդ նույն երկրում անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր արտադրող գործարան է տեղակայված՝ ըստ Aeronautics-ի լիցենզիայի։
Պարբերականը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդների շարքում նման երկու երկրներ գոյություն ունեն՝ Սերբիան ու Ադրբեջանը, որոնք ունեն Ba վարկանիշ։ Դրանցից միայն Ադրբեջանում է Aeronautics-ի գործարան տեղակայված։ Սակայն ընկերության կոմյունիկեում ուղղակիորեն Ադրբեջանի անունը չի նշվում։
NEWSru.co.il-ը Իսրայելի պաշտպանության նախարարությանը խնդրել է մեկնաբանել տվյալ տեղեկությունը։ Հաղորդագրությունը հրապարակելու պահին պատասխան դեռ չի ստացվել։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ «Մաարիվ ա-Շավուն» պարբերականը գրել էր, որ Իսրայելի ՊՆ-ն ստուգում է տեղեկությունը, համաձայն որի՝ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները Ադրբեջանին մատակարարվող անօդաչու տեխնիկայի հնարավորությունները ցուցադրելու նպատակով հարվածել են հայկական դիրքերին։