Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուսի» վերջին՝ 7-րդ շրջանում իր մասնակցությունն է ունենալու նաև հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Էլենը պատմել է սիրված սիթքոմում նկարահանվելու հրավերի և իր կերպարի մասին:
«Անակնկալի եկա, երբ առաջարկ ստացա նկարահանվել այս սիթքոմում: Պետք է խոստովանեմ, որ մեր հանդիպումից ընդամենը մի քանի րոպե անց հաստատվեց իմ մասնակցությունը, որի համար շատ ուրախ եմ»,- պատմեց Էլենը:
Դերասանուհին խոստովանեց, որ մեծ պատասխանատվություն է զգում ամենավարկանիշային սիթքոմի վերջին եթերաշրջանում խաղալու համար.
«Եթե այս առաջարկը լիներ մեկ տարի, կամ անգամ հինգ ամիս առաջ, գուցե լարվեի ու մտածեի, թե արժանի չեմ այստեղ նկարահանվելու, բայց քանի որ արդեն իսկ փորձ ունեմ՝ նկարահանվել եմ երկու սերիալում և տեսահոլովակներում, կարծում եմ՝ պատրաստ եմ «Ֆուլ հաուսում» նկարվելու: Այո, հենց հիմա է այդ պահը: Սա վերջին եթերաշրջանն է, հեռուստադիտողին վերջին տպավորությունները պետք է հաղորդել, իսկ այդ հարցում կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի դրական ու ջերմ բաժանում կայանա»,- ընդգծեց նա:
Խոսելով իր կերպարի մասին՝ Էլենը նշեց.
«Կերպարս բացասական է, այն կտրուկ տարբերվելու է իմ մնացած կերպարներից: Մարմնավորում եմ լրագրողի, ով շատ խորամանկ է ու պարբերաբար նոր փորձություններ է ստեղծում: Իմ կերպարային գիծը զարգանալու է հերոսներից Արսենի շուրջ: Փակագծեր չեմ ուզում բացել, բայց վստահեցնում եմ, որ հետաքրքիր է լինելու»:
Էլեն Ասատրյանի փոխանցմամբ՝ անձնակազմից շատերի հետ է նախկինում ծանոթ եղել, ինչն էլ հեշտացրել է իր ինտեգրումը այս թիմում.
«Մենչի հետ առաջին անգամ էի շփվում, բայց ուրախ եմ, որ հենց առաջին իսկ օրից ինձ շատ լավ վերաբերվեց: Նրանից շատ լավ էներգիա եմ ստանում և վստահ եմ, որ նրա թիմում ևս այդ էներգիան է իշխում: Ընդհանուր առմամբ՝ նախկինում ծանոթ էի Գարիկ Սեփխանյանին, Գրիգոր Դանիելյանին, Միհրան Ծառուկյանին, նրանք շատ լավ մարդիկ են ու գիտեմ, որ ինձ էլ իրենց թիմում լավ կընդունեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Ֆուլ հաուս 7»-ը եթերում կլինի հոկտեմբերին:
Նյութի աղբյութրը` Life.panorama.am