Այսօր մի խումբ ակտիվիստներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացել են էջ` «Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» անվանումով: Նախաձեռնության հեղինակը խմբում հայտարարել է. «Լիսկան իր մյուս հանցագործ կուսակիցների ու իշխանության շակալների հետ միասին վաղուց թալանում է մեր պետությունը, ստեղծում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ, պետության հիմքը քայքայող ընտրակեղծարարությամբ զբաղվում: Երեկվա ցավալի դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք այլ պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին ): Ուստի ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել…»: 

Հիշեցնենք, որ երեկ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ:  1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: 

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: