Արժե՞ արդյոք, որ կինը առաջին խոստովանի տղամարդուն իր սիրո մասին: Այս հարցը տարակարծությունների առիթ է տալիս. շատերը կարծում են, որ անկասկած, արժե, քանի որ հակառակը, երբ կինը պետք է զսպի իր զգացմունքները, հնացած մտածելակերպի արդյունք է: Ներկայացնում ենք մյուս կարծիքը, թե ինչու չարժե, որ կինը առաջինը խոստովանի տղամարդուն իր սիրո մասին:
Երբ կինը արտաբերում է «Ես քեզ սիրում եմ» խոսքերը, այդ պահին տղամարդը կամ ինքն էլ է սիրում նրան, կամ ոչ, կամ էլ դեռ չի կողմնորոշվել: Ամենայն հավանականությամբ նա կպատասխանի. «Դու, իհարկե, ինձ դուր ես գալիս, ես գուցե ապագայում սիրեմ քեզ, բայց հիմա դեռ պատրաստ չեմ դրան»:
Ճշմարտությունն այն է, որ սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար տղամարդկանց ավելի շատ ժամանակ է պետք, քան կանանց: Տղամարդիկ ավելի զգույշ են իրենց զգացմունքները դրսևորելու հարցում: Այնպես որ, ի՞նչ իմաստ ունի, որ կինը առաջինը խոստովանություն անի, քանի դեռ տղամարդը չի կողմնորոշվել:
Իսկ ինչ կպատահի, եթե կնոջ խոստովանությանը տղամարդը պատասխանի՝ շնորհակալություն, կամ, որ ավելի վատ է, կլռի: Չէ՞ որ դա միայն ցավ կպտճառի կնոջը: Ստացվում է, որ դրանով կինը կարող է կասեցնել իրենց գեղեցիկ հարաբերությունները, մինչդեռ դրանք կարող էին հասունանալ և գեղեցիկ շարունակություն ունենալ:
Եթե տղամարդը ինքը դեռ չի ասել «ես քեզ սիրում եմ» խոսքերը, ուրեմն նրա մեջ դեռ չի հասունացել այդ պահը, և կնոջ համարձակ քայլը կարող է նրա վրա ճնշող ազդեցություն թողնել և վանել:
Խորհուրդ աղջիկներին՝ եթե դուք սիրում եք որևէ մեկին, ուրեմն համբերատար սպասեք, մինչև նրա մեջ կհասունանա ձեր հանդեպ նույն զգացմունքը: Իսկ եթե այն այդպես էլ չհասունանա, ապա դուք կարող եք խոստովանել ձեր սերը, բայց միայն այն դեպքում, եթե պատրաստ եք բաց թողնել նրան: