Ադրբեջանի՝ Իսրայելից դրոններ գնելու եւ դրանք հայկական դիրքերի վրա փորձարկելու պատմությունը լավ առիթ է Իսրայելի համար՝ Հայաստանի նկատմամբ իր անկեղծ վերաբերմունքը ցույց տալու համար։ Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ տարօրինակ կլինի, եթե այդ միջադեպի հաստատվելուց հետո ոչ մի արձագանք չլինի։ Պատգամավորի համաձայն՝ Իսրայելը մինչեւ վերջ պետք է պարզի այդ պատմությունը։ «Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է։ Եվ դա Իսրայելի հեղինակության հարցն է»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը։ Նա հիշեցրեց, որ մարդկանց վրա փորձարկումներ են իրականացրել միայն ֆաշիստական Գերմանիայում։
Հիշեցնենք, որ իսրայելական «Մաարիվ» պարբերականի համաձայն՝ Ադրբեջանի ներկայացուցիչները իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության անօդաչու թռչող սարքերը գնելու համար ընկերության աշխատակիցներին խնդրել են հայկական ուժերի վրա փորձարկել Orbiter 1K դրոն-կամիկաձեի հնարավորությունները։ Պարբերականը գրում է, որ իսրայելցի օպերատորները մերժել են, որից հետո Aeronautics Defense Systems-ի ղեկավարներն իրենք են զբաղվել դրոնների կառավարմամբ։ Նրանք թիրախին չեն հարվածել, սակայն անօդաչուներից մեկն ընկել է Հայաստանի զինուժի դիրքերից 100 մետր հեռավորության վրա։
Aeronautics Defense Systems-ը կտրականապես հերքում է կենդանի թիրախների վրա անօդաչուներ փորձարկելու փաստը։