Երբ 20 տարեկան ես
20-ամյա աղջիկը, հնարավոր է՝ ուսանողուհի, հնարավոր է՝ սկսնակ մասնագետ, արդեն այնքան էլ միամիտ չի թվում, որքան աշակերտուհին: Չնայած ոչ մեծ, բայց կյանքի փորձը շտկումներ է անում տղամարդու ընտրության հարցում: Բայց այդ ընտրության վրա մեծ ազդեցություն է ունենում արտասովոր մի գործոն՝ տարածքային առումով մոտ լինելը: Որքան է մոտ բնակվում երիտասարդը, այնքան հաճախակի են լինում հանդիպումներն ու մեծանում է հարաբերությունների հետագա զարգացման հավանականությունը: Ընդհանրապես, տարածությունը մարդկանց վրա մոգական ազդեցություն է ունենում, քանի որ քեզ հետ նույն քաղաքում, նույն փողոցում եւ նույնիսկ նույն շենքում բնակվող մարդն ավելի գրավիչ է դառնում, եթե նույնիսկ նրանում ոչ մի գրավիչ բան չկա:
Երբ 30 տարեկան ես
Այն մասին, թե 25-30 տարեկանում ինչն է ազդում կնոջ ընտրության վրա, շատ բան է բացահայտում էվոլյուցիոն հոգեբանությունը: Հոգեբանները վստահ են, որ էվոլյուցիան կանանց եւ տղամարդկանց վրա հետք է թողել: Հետազոտողներն ուսումնասիրել են վեց մայրցամաքներում 37 մշակույթների կրող տղամարդկանց եւ կանանց ու հասկացել, որ կյանքի մշտական ուղեկից փնտրող կանայք (դա հիմնականում տեղի է ունենում հենց 25-30 տարեկանում) նախընտրում են իրենցից տարիքով մեծ, կյանքում հաջողությունների հասած զուգընկերոջ:
Երբ 40 տարեկան ես
Տարիների հետ հասկանում ես, որ կատարյալ տղամարդը նա է, ով գրեթե ամեն ինչում նման է կյանքիդ ընկերուհուն: Երբ երկու մարդ նման են՝ կրթությամբ, հետաքրքրություններով, հայացքներով, սովորույթներով, քիչ է հավանականությունը, որ հիսթափություն կառաջանա: 40 տարեկանին մոտ, որպես կանոն, «ճակատագրական համակրանք» չի առաջանում, երբ մարդու մեջ դուր է գալիս հենց ինքնատիպությունը, տարբերությունը, էքստրեմալությունը: Հակառակը, առաջին պլան է մղվում հետաքրքրությունների ընդհանրությունը:
Իհարկե, կան նաեւ հատկանիշներ, որոնք պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատվում են՝ անկախ տարիքից: Օրինակ՝ 20-րդ դարավերջի հոգեբանական հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ կանայք տղամարդկանցից ավելի են նշանակություն տալիս ինտելեկտին, սոցիալական կարգավիճակին, կյանքում ձեռք բերած հաջողություններին: Մեկ այլ հետազոտության համաձայն՝ ե՛ւ 25, ե՛ւ 65 տարեկանում կանայք ընտրյալի մեջ գնահատում են բարությունն ու ըմբռնելու ունակությունը: