Newsru.com-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի պետական սահմանի սահմանագծման հարցը որոշում են այդ հանրապետության իշխանությունները և ոչ թե Ռուսաստանը: Այս մասին իր եվրոպացի գործընկերներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ կապված Վրաստանի ներկայացրած այն մեղադրանքի հետ, որ ռուս զինծառայողներն առաջ են մղել վրացա-հարավօսական սահմանը և լարափակոցներ են անցկացրել նրանում: Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ հակաիրավական են որակվում Վրաստանում նախընտրական կամպանիայի ժամանակ իրավիճակը թեժացնելու փորձերը և առավել ևս «սլաքները» դեպի Ռուսաստան ուղղելը: Մայիսի վերջին Վրաստանի ԱԳՆ-ը վրդովված հայտարարեց, որ Հարավային Օսիայի տարածքում գտնվող ռուս զինծառայողները 22-25 կիլոմետր երկարությամբ լարափակոցներ են անցկացրել սահմանին և դրանով իսկ այսպես կոչված օրինականացրել են այն՝ տեղ-տեղ Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածք մուտք գործելով 50, 60 և անգամ 300 մետրով: