Վերվարածների» տրամաբանական շարունակության՝ «Անուղղելիների» վերադարձը հեռուստասերիալի հետևորդների շրջանում հակասական տրամադրություն ստեղծեց: Որքան նախագիծն ուրախացրեց, նույնքան էլ տխրեցրեց ու զայրացրեց մի պարզ պատճառով՝ սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը, նույն ինքը՝ Կնյազը, «Անուղղելիներում» չի նկարահանվելու: Ու թեև սերիալի ստեղծագործական կազմը դերասանի բացակայությունը հիմնավորող սպառիչ պատասխան տվեց, սական, միևնույն է, հեռուստադիտողը իր սեփական տեսակետն ունի. այն է, թե «Շանթի» ու Արտյոմ Կարապետյանի միջով սև կատու է անցել:
Aysor.am-ին տված բացառիկ հարցազրույցում Արտյոմ Կարապետյանն անդրադարձավ ոչ միայն այս ասեկոսեներին, այլև Հայաստանից բացակայելու պատճառներին, ներկայիս զբաղվածությանն ու ընտանեկան կյանքում տեղ գտած փոփոխություններին:
- Արտյոմ, «Անուղղելիներում» Ձեր բացակայությունը սերիալի հետևորդներին շատ է անհանգստացրել: Նույնիսկ սկսել են խոսակցություններ տարածվել, որ դուք և «Շանթ» հեռուստաընկերությունը տարաձայնություններ ունեք, ֆինանսական չպարզված հարցեր, ինչի պատճառով էլ Կնյազի կերպարը բացակայելու է սերիալից: Կա՞ նման կոնֆլիկտ Ձեր և «Շանթի» միջև:
- Ես էլ տեսա այդ գրառումը և զարմացա, երևի պարապ մարդ է եղել, ուզել է մի բան գրի ու գրել է, չգիտեմ (ծիծաղում է՝ հեղ.): Իրականում, որևէ տարաձայնություն չկա ու չի էլ եղել: Ես առաջիններից եմ, ով իմացել է, որ «Անուղղելիներ» նախագիծն է նկարահանվելու: Այդ մասին ինձ հենց պրոդյուսերն է ասել: Բնականաբար, ուրախացա, որ այդ պրոյեկտը նորից կյանքի է կոչվելու: Որոշել եմ բոլոր կասկածամիտներին անակնկալ մատուցել, ինչը շուտով կտեսնեք (ժպտում է՝ հեղ.):
- Այսինքն՝ նախագծում նկարահանվելու առաջարկ ունեցե՞լ եք:
- Այո՛, առաջարկ ստացա գալ Հայաստան և նկարահանվել «Անուղղելիներում», բայց դե գիտեք՝ սերիալի համար վերադառնալ Հայաստան ու մի քանի ամիս մնալ այդտեղ, անիրատեսական է: 4-5 տարի է՝ Սանկտ Պետերբուրգում եմ, ու բնականաբար, ունեմ գործեր, որը չեմ կարող երկար ժամանակով հետաձգել: Զուտ ֆիզիկական հնարավորություններից ելնելով՝ նախնական պատասխանս հրաժարվելն էր: Բայց թե ի՞նչ կլինի հետո, չգիտեմ: Հետոյի համար ոչինչ չենք խոսել, ինչպես ասում են՝ ոչ ոք չգիտի, թե վաղն իրեն ինչ է սպասվում:
- Օրեր առաջ մեզ հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերությունը հնարավոր համարեց նաև այն տարբերակը, որ գուցե սցենարիստը փոխշահավետ լուծում գտնի, և Կնյազը ժամանակ առ ժամանակ սերիալին միանա ժամանակակից տեխնիկայի՝ սկայփի կամ վայբերի միջոցով: Կհամաձայնվե՞ք այդ տարբերակին:
- Իհարկե, հնարավոր է, ես չեմ բացառում: Այսօր տեխնիկան զարգացած է ու ցանկացած լուծում հնարավոր է գտնել: Պարզապես, այդ ամենը պետք է պրոյեկտի հեղինակները կազմակերպեն, ու ես էլ հասկանամ՝ ինչ ծանրաբեռնվածությամբ եմ ներգրավվելու, որպեսզի կարողանամ տեղավորվել ժամանակի մեջ ու գործերիս հետ հասցնել:
- Ի՞նչ եք կարծում, այսքան տարի անց նախագիծը նույն դիտարժանությունը կունենա՞:
- Անկեղծ ասած, ես հեռուստացույց՝ հատկապես սերիալներ, գրեթե չեմ նայում, համացանցից եմ տեղեկանում, թե ինչ է կատարվում հայկական հեռուստաշուկայում: Բայց որպես «Վերվարածները» նախագծի մասնակից, կարող եմ նկատել, որ այդ տարիների սերիալների ու սիթքոմների մեջ ամենադիտվողներից մեկն էր, եթե ոչ առաջինը: Ու եթե հիշում ենք, «Վերվարածները» հենց առաջին երգիծական հեռուստասերիալն էր: Ճիշտ է՝ անոնսում նշվում է՝ 9 տարի անց, բայց իրականում «Վերվարածներ» նախագիծն ավելի շուտ է սկսվել: Մոտ 100 սերիա նկարեցինք պետավտոտեսուչների մասին, հետո «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները ԲՈՒՀ»-ում, մինչև հասանք հիմնականին՝ «Վերվարածները ընտանիքում» սերիալին: Ուրախ եմ, որ հեռուստադիտողը նորից հնարավորություն կունենա դիտել լավ, հումորային հեռուստասերիալ, որը զերծ է դարդ ու ցավից, լաց ու կոծից ու նման նեգատիվ բաներից, ինչը ողջունելի է:
- Արտյոմ, ի՞նչը պատճառ դարձավ, որ հեռանաք Հայաստանից:
- Հայաստանից գնալու պատճառները շատ էին: Նախ այն, որ արդեն աշխատանք, նոր նախագծի առաջարկ չկար, «Բանակումն» ավարտվում էր՝ իր տեղը զիջելով «Քաղաքումին», որտեղ իմ զբաղվածությունը քիչ էր: Նույնիսկ փորձեցի ոչ իմ մասնագիտական աշխատանքի միջոցով գումար վաստակել՝ ամեն կերպ ձգտելով Հայաստանում մնալ: Ես միշտ գնացողներին առաջին քննադատողներից եմ եղել, այն էլ հերթը հասավ ինձ (ժպտում է՝ հեղ.)… Երևի տրամաբանական էր, որ մասնագիտությունից դուրս ձեռնարկածս գործն այդտեղ չստացվեց. ես ո՜ւր, առևտուրն ո՜ւր: Ի՞նչ արած, մի բան պե՞տք է անեի մնալու համար: Բայց դե գիտեք, թե Հայաստանում բոլոր ոլորտներում ինչ իրավիճակ է՝ սկսած իշխանական կոռուպցիաներից մինչև եսիմ ուր: Նույնիսկ խանութ բացեցի, ու Հայաստանում առևտրային բիզնեսի ոլորտում հայտնվեցի մի մեծ ծուղակում, ինչի արդյունքում ստիպված եղա անգամ բնակարանս վաճառել ու այդ պարտքերը տալ՝ մնալով օդի մեջ: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ գամ այստեղ: