32 տարեկանում ամերիկուհի Քրիստեն Քոլիերն իրեն լիարժեք երջանիկ էր համարում՝ ուներ սիրող ամուսին եւ երկու հրաշալի զավակներ: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ օրերից մի օր որոշեց որդիների հետ մեկնել ծնողների առանձնատուն, իսկ ամուսինը՝ Ֆրեդը, այդ ընթացքում միայնակ մնաց տանը: Հանգստյան օրերին հերթական հեռախոսազրույցի ժամանակ Քրիստենը նկատեց, որ ամուսինն անտրամադիր էր. նա պնդում էր, որ իրենք խոսելու լուրջ թեմա ունեն:

Ավելի ուշ՝ խոսակցության ժամանակ, Ֆրեդը կնոջը խոստովանել է, որ ոչինչ չի կարողանում իր հետ անել՝ իրեն դուր է գալիս հագնել կնոջ զգեստներ:

«Նրա խոստովանությունից հետո ես հիշեցի, որ տարիներ անց, երբ հագել էի իմ սիրելի կարմիր զգեստը, տղամարդու օծանելիքի հոտ էի զգացել դրա վրայից: Բայց ես չէի կարող մտածել, թե Ֆրեդն այն կրել է, ինձ համար Ֆրենդն իմ ամուսինն էր…»:

Հետագայում տղամարդը խոստովանել է կնոջը, որ երկար ժամանակ փորձել է պահել իր գաղտնիքն ու լինել իսկապես լավ ամուսին, սակայն այլեւս ուժ չունի դա անելու:

Այս խոսակցությունն ամբողջությամբ փոխեց կնոջ կյանքը: Նա չէր կարող պատկերացնել, թե ինչպես այն տղամարդը, որին նա սիրահարվել էր, կարող էր կանանց զգեստներ հագնել: Ամուսիններն, այնուամենայնիվ, որոշեցին այդ փաստը դեռեւս գաղտնի պահել երեխաներից:

Քրիստենի համար դժվար էր ամուսնու նոր կերպարանափոխությանը հետեւելը, բայց նա որոշեց մենակ չթողնել նրան եւ նրա հետ միասին անցնել բոլոր դժվարությունների միջով: Հոգեբանական եւ բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ Ֆրեդն իրեն հոգեպես ավելի լավ ու կայացած կզգա, եթե սեռափոխություն կատարի:

2013 թ-ին կայացավ Ֆրեդի վիրահատությունը: Նա նաեւ անվանափոխվեց՝ իրեն կոչելով Սեդա: Որդիներն ավելի հասուն տարիքում հասկացան հորը եւ աջակցեցին նրան:

 

«Ֆրեդն ու Սեդան շատ նման էին: Սեդան պահպանել էր Ֆրեդի այն հատկանիշները, որոնց ես սիրահարվել էի, սակայն ի տարբերություն Ֆրեդի՝ նա կենսուրախ էր եւ աշխույժ»,-ասում է Քրիստենը:

Ֆրեդն ու Քրիստենը նոր կարգավիճակում միմյանց հետ ապրեցին եւս մեկ տարի, բայց արդեն ոչ որպես ամուսիններ, այլ որպես լավագույն ընկերներ՝ շարունակելով երեխաների համատեղ դաստիարակությունը:

Շուտով Քրիստենը հանդիպեց 50-ամյա Ռիչարդին: Այժմ զույգն ապրում է Քրիստենի եւ Ֆրեդի առանձնատանը: Կինը խոստովանում է.

«Սկզբում Ռիչարդը մտավախություն ուներ՝ արդյոք կկարողանա՞ լեզու գտնել Ֆրեդի հետ: Սակայն հանդիպման հենց առաջին օրը նրանք ընկերացան եւ այժմ մենք շատ համերաշխ ենք ապրում»,-պատմում է նա:

«Սեդան կարծում է, որ մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում նրանց տեսնել: Այո, ես կորցրեցի իմ ամուսնուն, բայց նաեւ շատ բաներ շահեցի»: