Խաղողի եւ ծառապտուղների մասսայական բերքահավաքին ընդառաջ՝ այգեգործներն այժմ էլ նոր խնդրի առաջ են կանգնել՝ արկղերի դեֆիցիտի: Մեզ են դիմել Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիներ՝ պնդելով, թե արկղ արտադրող տնտեսվարողները կտրուկ թանկացրել են դրանց գինը: Մասնավորապես, եթե խաղողի մեկ արկղը մինչ բերքահավաքը 380-400 դրամ արժեր, այժմ 600-ով է վաճառվում: Ըստ գյուղացիների՝ տնտեսվարողներն արկղերի թանկացումը բացատրում են վերջին շրջանում ՀՀ անտառներում բռնկված հրդեհներով, ինչի հետեւանքով, իբր, փայտի դեֆիցիտ է ի հայտ եկել: «Անտառներում ծառահատումն արգելված է, փայտ չեն կարողանում հայթայթել»,- ասում են նրանք:
Գյուղացիները, սակայն, նման պատճառաբանությունն աբսուրդ են համարում, քանի որ մեր երկիրը փայտի մեծ մասը ներկրում է դրսից: Այգեգործները կարծում են, որ արկղ արտադրողները, օգտվելով առիթից, արհեստական գնաճ են ստեղծում, եւ խնդրի վրա են հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ արկղերի բարձր գնի պատճառով իրենք չեն կարող բերքը պահեստավորել համապատասխան սառնարանային տնտեսություններում եւ ստիպված կլինեն իրենց աճեցրած ընտիր բերքը ցածր գնով հանձնել մթերող ընկերություններին: Արկղի դեֆիցիտն ունի իր պատճառները: Բանն այն է, որ բերքի իրացման սեզոնին խաղող արտահանող ընկերությունները գյուղացիներից բերքը գնում են արկղերով՝ վճարելով նաեւ դրանց գինը: Ուստի, ամեն բերքահավաքի ժամանակ նոր արկղեր ձեռք բերելու խնդիր է ի հայտ գալիս: Նկատենք, որ շատ երկրներում, օրինակ՝ հարեւան Իրանում, բնապահպանական նկատառումներից ելնելով՝ փայտե արկղերը դուրս են գալիս կիրառությունից՝ եւ փոխարինվում այլ նյութից պատրաստված տարաներով:Նյութի աղբյուրը ` hraparak.am