1in.am-ը գրում է.
«Առաջին հերթին պետք է լուծել ջրի կորուստների հարցը. այսօր Հայաստանում մենք թե խմելու, թե ոռոգման ջրի 86% կորուստ ունենք: Պետք է հասկանանք ի վերջո, թե այդ կորուստներն ինչով է բացատրվում. եթե պատճառն ամբողջ ցանցային համակարգի հին լինելն է, որի հետևանքով ջուրը դուրս է գալիս և խառնվում է ընդերքի ջրերի հետ, ուրեմն այդ ամբողջ համակարգը պետք է փոխել, բայց այստեղ նաև մեկ ուրիշ շատ կարևոր խնդիր էլ կա, որ շատ հաճախ որոշ մարդիկի, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, մեծ քանակությամբ ջուր են օգտագործում ու դրա դիմաց չեն վճարում, որի վրա աչք են փակում համապատասխան կառույցները և արդյունքում դա ստացվում է որպես կորուստ. նման պարագայում միանգամայն այլ մոտեցումներ են հարկավոր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի հնարավոր թանկացմանը:
Հիշեցնենք, որ մինչև 2032 թվականը Հայաստանի ողջ ջրային համակարգը վարձակալությամբ տնօրինող ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոս ամսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի սակագնի թանկացման հայտ է ներկայացրել, որը ՀԾԿՀ-ն ընդունել է քննարկման: «Վեոլիա Ջուր»-ն առաջարկում է 1 խմ ջրի սակագինը ներկայիս 180 դրամի փոխարեն դարձնել 194,3 դրամ: Ուշագրավ է, սակայն, որ 2017թ-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն իսկ թանկացել էր՝ դառնալով մեկ խմ-ի դիմաց 180 դրամ: Իսկ թե այժմ կոնկրետ ինչ հիմնավորմամբ է «Վեոլիա Ջուր»-ը ցանկանում կրկին թանկացնել ջրի վարձը, ընկերությունից հրապարկավ մանրամասներ չեն հաղորդվում՝ նշելով, թե թանկացման հիմնավորումը ներկայացված է հայտի մեջ:
Կարինե Դանիելյանը վստահ է, որ վաղուց հասունացել է անկախ փորձագիտական հանձնաժողով ստեղծելու հարցը, որը օբյեկտիվորեն կքննի այս ամենը և մասնավորապես, թե ինչով է բացատրվում ջրի նման աննախադեպ քանակի կորուստները: Իսկ նրա գնահատմամբ՝ դա պայմանավորված է և ջրային ցանցի անկատար լինելով, ինչպես նաև մի խումբ մարդկանց կողմից ջրային մեծ պաշարներ օգտագործելու և դրա դիմաց չվճարելու հանգամանքներով:
«Եթե բացահայտվեն այնպիսի տնտեսություններ, որոնք հսկայական քանակով ջուր են օգտագործում, իսկ ես կարծում եմ, որ այդպիսիք կան, ապա նրանց նկատմամբ մեծ տուգանքներ պետք է սահմավեն և հենց դրանով «Վեոլիա Ջուր»-ը կարող է որոշ չափով իր ֆինանսական խնդիրները լուծել, ինչպես նաև ուսումնասիրությունները պետք է ցույց տան, թե ինչ վիճակում է գտնվում համակարգը, իսկ նման ուսումնասիրություն արվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին, որի փլուզումից հետո այդ գործընթացն այդպես էլ ավարտին չհասցվեց, այնպես որ դրանք պետք է վերսկսվեն: Բացի դրանից կառավարությունը ևս պետք է շատ լուրջ վերահսկողություն իրականացնի»,- ընդգծեց Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուրը՝ 1in.am