«Հրապարակ» թերթի ուշադրության կենտրոնում դարձյալ մայիսի 20-ին «Նաիրիտ»-ում տեղի ունեցած պատահարն է: Այդ օրը քլորի արտադրամասում սանդուղքից վայր էր ընկել ընկերության վարպետներից մեկը` Սերգեյ Պետրոսյանը, և կոտրել ոտքը:
Ըստ թերթի` դեպքի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են ամբողջովին:
Վարպետ Ս.Պետրոսյանը տեղափոխվել էր «Երևան» բժշկական կենտրոն:
«Գործարանի ղեկավարությունը խոստացել էր իր վրա վերցնել Պետրոսյանի բուժման ծախսերը` փոխարենը հրահանգելով նրան թաքցնել իր հետ կատարվածը և ներկայացնել, թե վնասվածքն ստացել է տանը»,- գրում է թերթը:
Հրապարակումից հետո ոստիկանությունը լրացուցիչ քննություն է կատարել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Ա.Ահարոնյանը թղթակցին տեղեկացրել է, մայիսի 29-ին ոստիկանների կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վարպետը վնասվածքն ստացել է աշխատավայրում: Նշանակվել է փորձաքննություն կատարվում է հետաքննություն: Իսկ թե ինչու է Պետրոսյանը կեղծ բացատրություններ տվել դեպքից հետո, Ա.Ահարոնյանը չի հայտնել:
«Գործարանում փնտրում են տեղեկատվական արտահոսքի աղբյուրը: Իսկ վարպետ Պետրոսյանը ճնշված հոգեվիճակում է: Բացի ֆիզիկական տանջանքներից, հիմա էլ հետաքննիչներն են սպառնացել պատասխանատվության ենթարկել` կեղծ տեղեկություններ տրամադրելու համար»,- եզրափակում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` 04.06.2013թ. համարում: