Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր իսրայելցի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հրավերով մեկնում է Իսրայել: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նա կայցելի պաշտպանական ձեռնարկություններ եւ կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության նոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չինաստան էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նույնպես քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Հետաքրքիր է, որ թե Ադրբեջանի իսրայելական գործարքները, թե հայ-չինական հնարավոր համագործակցությունը պաշտպանական ոլորտում սուր դժգոհություն են առաջացնում Ռուսաստանի որոշ շրջանակներում: Մոսկվան Իսրայելին ու Չինաստանին առաջին հերթին որպես մրցակից է ընդունում, քանի որ մինչեւ հիմա Հայաստանին ու Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է:
Մյուս կողմից, այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը փնտրում եւ այլընտրանքային մատակարարներ են գտնում, նշանակում է, որ նրանք փորձում են Ռուսաստանին փոխարինող գտնել:
Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին փոխարինող փնտրելու տարբեր դրդապատճառներ ունեն: Կարծիք կա, որ Ռուսաստանի դեմ հաջորդ պատժամիջոցներն ուղղված են լինելու ռազմարդյունաբերական համալիրի դեմ, եւ երկրները, որոնք ռուսական սպառազինություն կգնեն, միջազգային «սեւ ցուցակներում» կհայտնվեն:
Կարծիք կա նաեւ, որ Ռուսաստանն սպառել է Հայաստանին ու Ադրբեջանին զենքի «հավասարակշռված» վաճառքի պաշարը: Այլ խոսքով, Մոսկվան այլեւս չի կարող ապահովել հավասարակշռությունը. որքան կողմերը մոտենում են հավանական կարգավորմանը, այնքան մոտենում է պահը, երբ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի կողմերի միջեւ: Մոսկվայի համար դա ամենադժվարն է:
Մոսկվան Հայաստանին Իսկանդեր է տալիս, իսկ Ադրբեջանին հակահրթիռային համակարգեր է վաճառում: Հետո Ադրբեջանիn վաճառում է միջին հեռահարության սարսափելի զենք եւ ստիպում Հայաստանին գնել համապատասխան պաշտպանական սարքավորումը:
Ինչ-որ պահի, սակայն, այդ խաղն արգելակվել է: Հնարավոր է, դա կապված է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ, որը գաղափարապես կենտրոնացել է զանգվածային խոցման հզոր զենք, այլ ոչ թե ժամանակակից տեխնոլոգիաներ՝ օրինակ, անօդաչու սարքեր ստեղծելու վրա:
Մինչդեռ, ղարաբայան եւ շատ այլ հակամարտություններում հիմնական շեշտը դրվում է անօդաչու սարքերով մարտերի վրա: Այն, որ Ադրբեջանն անօդաչու սարքեր է գնել Իսրայելից (որովհետեւ Ռուսաստանը չունի), Հայաստանին պետք է դրդեր հակադրող միջոցներ փնտրելու: Ըստ ամենայնի, Հայաստանը դրանք գտել է Չինաստանում:
Ռուսաստանը կորցնում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների «հավասարակշված» մատակարարումներ անելու եւ դրա հետ նաեւ հակամարտության վրա ազդելու հնարավորությունը: Ռուսաստանն ինչ-որ պահի ստիպված է լինելու ընտրել եւ այժմ ամեն կերպ խուսափում է դրանից: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կորցնում է վերահսկողությունը ղարաբաղյան հակամարտության վրա:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am