Մարտ ամսին դերասանուհի, հայաստանյան մամուլի առաջին պոռնոսկանդալի գլխավոր դերակատար Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանը դիմել էր Վճռաբեկ դատարան` դատավճիռը բեկանելու պահանջով: Կարեն Արայանի ներկայացուցիչները եւ մասնավորապես մայրը դեռեւս սպասում են Վճռաբեկ դատարանի պատասխանին:

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը «Ժամանակի» հետ զրույցում վստահաբար ասաց, որ այս գործով վճիռը, թե՝ Կարեն Արայանն է տարածել Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները, ծայրից ծայր, առաջին էջից մինչեւ վերջին էջը սուտ է: Ըստ նրա՝ դատաքննությունից եւ որոշ ցուցմունքներից հետո նույնիսկ արդեն ծիծաղելի է խոսել այն մասին, թե լուսանկարները տարածել է Կարենը, քանի որ փաստ է, որ այդ լուսանկարները տարածվել են հենց Անժելա Սարգսյանի էջից: Բայց այս ամենին ընթացք չի տրվում, Մարինա Արայանի խոսքով՝ քանի որ այդպես է պետք:

«Բոլորի համար է պարզ, որ հենց իր բացած էջից են տարածվել այդ լուսանկարները: Այսօր ինքը հերքում է, եւ դատված է Կարենը: Այս գործին սպասում է Եվրոպան, սա գործ է Եվրոպայի համար, որովհետեւ աբսուրդ է վճիռը, այն անհիմն է սկզբից մինչեւ վերջ»,- ցավով նշեց Մարինա Արայանը:

Վերջինիս համոզմամբ՝ այս գործով դատական ատյանների նման գործելակերպը կարող է բացատրվել հետեւյալով՝ Անժելա Սարգսյանի մեջքին ինչ-որ մարդ՝ մի վախեցած չինովնիկ է կանգնած, ու շատ հավանական է, որ այդ նկարների վրա հենց ինքն է: Մարինա Արայանը չի բացառում, որ Անժելա Սարգսյանն այդ չինովնիկին է շանտաժի ենթարկում...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):