Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի Անգլիական այգում տեղի ունեցավ «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»: Փառատոնն արդեն անցկացվում է 4-րդ անգամ՝ տարեցտարի դառնալով ավելի գունագեղ և հետաքրքիր: Ավելի քան 100 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից մասնակցելու են այս տարվա բերքի փառատոնին:
Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի: Այս ամենամյա փառատոնի միջոցով «Կանաչ արահետը» նպատակ ունի իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել կայուն գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանը: Հայաստանի բոլոր մարզերից ֆերմերները կբերեն սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի:
Այս տարի փառատոնի մթնոլորտն ավելի ջերմացրեցին հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Վրույր Թադևոսյանը, Գուսան Հայկազունն իր խմբով, պարուհիներ և երգչուհիներ, ովքեր ոչինչ չխնայեցին մարդկանց ուրախություն պարգևելու համար: Փառատոնի վերջում անցկացվեց հատուկ մրցանակաբաշխություն. մասնակիցներին տրվեցին մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն կանանց ֆերմերային խումբ, Լավագույն ձեռներեց և Լավագույն օրգանական արտադրող անվանակարգերում: