Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» երկրորդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Գիտաժողովի կազմակերպիչն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն է՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցել են հեղինակավոր գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից և Արցախից։ Նախորդ գիտաժողովի համեմատ ավելացել են երկու երկիր` ԱՄՆ-ն և Ուկրաինան: Գիտաժողովին հայտ են ներկայացրել թվով 63 գիտնականներ, մասնագետներ ու վերլուծաբաններ:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Արցախը՝ հանուն խաղաղության, ճանաչում՝ հանուն խաղաղության» կարգախոսը կրող գիտաժողովի լիագումար նիստը բացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձով, որն ընթերցել է ԱԵԳՄՄ հիմնադիր, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ բարեկամներ,

Ի սրտե ողջունում եմ ձեզ՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի բոլոր մասնակիցներիդ:

Այս նախաձեռնությունը լավ հարթակ է Արցախյան հիմնախնդիրը տարբեր տեսանկյուններից դիտարկելու և միջազգային շրջանակներին ներկայացնելու համար: Գիտաժողովում քննարկվելիք թեմաներն արդիական են և կարեւոր գիտագործնական առումով:

Ուրախալի է, որ գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու հայտ են ներկայացրել տարբեր երկրների գիտնականներ և վերլուծաբաններ:

Ուզում եմ վստահություն հայտնել, որ գիտաժողովն արդյունավետորեն կիրականացնի իր առջև դրված խնդիրները և արժանի ավանդ կունենա Արցախի ու տարբեր երկրների գիտավերլուծական շրջանակների միջև կապերի ամրապնդման գործում:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»:

Ուղերձը ներկայացնելուց հետո բացման խոսքով հանդես է եկել գիտաժողովի նախաձեռնող ու կազմկոմիտեի նախագահ Ա.Հարությունյանը, ով շնորհակալություն է հայտնել ինչպես մասնակիցներին գիտաժողովի հրավերն ընդունելու և մասնակցության համար, այնպես էլ գիտաժողովի ֆինանսական աջակիցներին՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Կամակերպիչը կարծում է, որ գիտաժողովի ընթացքում հայ և օտարազգի գիտնականներին ու փորձագետներին կհաջողվի բացահայտել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հնարավորությունները, դրան խոչնդոտող հիմնախնդիրներն ու առաջարկներ ներկայացնել հետագա անելիքների վերաբերյալ: Ա.Հարությունյանը լիահույս է, որ արտասահմանյան գիտնականներից ոմանք կդառնան Արցախի գիտության դեսպանները և յուրաքանչյուրն իր բնագավառում տարբեր միջազգային հարթություններում կներկայացնի Արցախի Հանրապետության իրողությունների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն, իսկ Արցախն աստիճանաբար կդառնա արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման տարածա­­շրջանային ու միջազգային կենտրոն:

Գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունն ուշադրության արժանացնելու և գիտաժողովի մասնակիցներին ուղերձով դիմելու համար կազմկոմիտեի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին:

Լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ի.գ.դ., Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը (Գերմանիա), ի.գ.դ., Նյու Յորքի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ամիթ Չաբրան (ԱՄՆ), ք.գ.դ., պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն (Լեհաստան), ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և «Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի մասնակիցները աշխատանքները շարունակել են իրավագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության, հոգեբանության և լրագրության բաժանմունքներում:

Գիտաժողովի արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որից հետո հանձնվել են հավաստագրերն ու գիտաժողովի մասնակիցների անունից ընդունել բանաձև: Նույն օրը գիտաժողովականները մասնակցել են Տողի մելիքական ապարանքում կազմակերպված արցախյան գինու 4-րդ փառատոնին: