Հունիսի 6-ին նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Նույն օրը Երևանում կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթն ու «Արամ Խաչատրյան» փառատոնը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջոնաթան Ֆրիման-Էթվուդ (Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ռեկտոր), Վալերի Գերգիև (Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախնբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Լոնդոնի Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժոր ՙՄոսկվայի Զատկի Փառատոն-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն), Պավել Կոգան (Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր), Քշիշտոֆ Պենդերեցկի (կոմպոզիտոր և դիրիժոր), Ալեքսանդր Սոկոլով (Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր), Ալեքսանդր Չայկովսկի (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական ֆիլարմոնիայի գեղարվեստական ղեկավար) և այլք։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն ՙթավջութակ՚ մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները. 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով: Այս տարի պատվավոր ժյուրիի կազմում են` Արամ Թալալյան (ժյուրիի նախագահ, Հայաստան), Անյա Լեխներ (Գերմանիա), Օլե Ակահոշի (ԱՄՆ/Ճապոնիա), Թիմորա Ռոսլեր (Նիդերլանդներ/Իսրայել), Քրիստիան Ֆլորեա (Մոլդովա/Ռումինիա), Ալեքսեյ Սելեզնյով (Ռուսաստան), Էրկի Լահեսմա (Ֆինլանդիա)։ Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։ 2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։