Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության
նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք):
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, և կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու և բազմաբնույթ դարձնելու:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաև միջազգային կառույցների շրջանակներում:
Դեսպան Ստարչևիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: