«Անցկացնել գեղեցկության մրցույթ` առանց չափորոշիչների, ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է»,-այսօր` սեպտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթին, նշեց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը` խոսելով նաեւ մրցույթի թերությունների, կանոնակարգի խախտումների եւ դրան առնչվող դատական գործընթացի մասին:
«Հայաստանում շատ են գեղեցիկ աղջիկները, եւ մենք այն մակարդակի վրա չենք, որպեսզի բեմ բարձրնան պլաստիկ միջամտություններ իրականացրած աղջիկներ: Գեղեցկության մրցույթները հիմնված են բնական գեղեցկության վրա: Մրցույթին պետք է մասնակցեն 17-26 տարեկան աղջիկներ` 90-60-90 չափսերով, իհարկե, 17 տարեկանների դեպքում հնարավոր են շեղումներ, իսկ հասակը պետք է լինի 1,70 սմ-ից, ոչ թե 1,65-ից սկսած: Բացի այդ` լողազգեստներն ու աղջիկների երեկոյան զգեստները պետք է լինեն միանման, կոշիկները` 7 սմ-ից ոչ բարձր: Այս չափանիշները ես չեմ հնարել, սրանք հաստատվել են շատ վաղուց»,-նշեց Արիստակեսյանը, որն, այնուամենայնիվ, հավելեց, որ չի ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել օրերս կայացած «Միսս Արմենիա» մրցույթը:
«Չեմ օգտվի կայացած մրցույթի մակարդակից եւ քննադատություններ չեմ հնչեցնի»,-ասաց նա:
«Ես եւ «Միսս Հայաստանի» խորհրդի անդամներն առաջինն ենք շահագրգռված, որ այս մրցույթն անցկացվի բարձր մակարդակի վրա: Շատ հեշտ է մեղադրել արված աշխատանքը, այնպես որ`ես չեմ գնալու մեղադրելու ճանապարհով»,-նշեց Արիստակեսյանը, նաեւ ավելացրեց. «Չեմ հասկանում պետական եւ իրավագիտական մարմիններին, որոնք հովանվորել են այս մրցույթը: Կա իրավաբանական գործընթաց, որը չէինք կարող չսկսել, քանի որ մենք հարգում ենք Հայաստանի հանրապետության օրենքները, եւ որեւէ մեկն իրավունք չունի դրանք խախտել»:
Արիստակեսյանը նաեւ հավելեց, որ իրենք ստիպված են անցկացնել նոր գեղեցկության մրցույթ, քանի որ վերջինը «չէր համապատասխանում գեղեցկության մրցույթի չափանիշներին»:
Հարցին, թե այդ դեպքում «Միսս Աշխարհ» մրցույթին ո՞վ է ներկայացնելու Հայաստանը` «Միսս Արմենիա՞ն», թե՞ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողը, Կարեն Արիստակեսյանի փաստաբան Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Դա արդեն իրենք պետք է մտածեն: Մրցույթին պետք է մասնակցի այն ներկայացուցիչը, որն օրենքի սամաններում նվաճել է որեւէ երկրի «Միսս» տիտղոսը: Մեր պայքարը նրանում է, որ այս մրցույթի հաղթողը չի կարող համարվել «Միսս Հայաստան»»-եզրափակեց նա: