«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 2–ին, հնչած կրակոցների ժամանակ հիվանդասենյակից փախուստի փորձ է արել «Բանդայի» գործով կալանավորված Դավիթ Գալստյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել հետազոտվելու նպատակով։ Այս տեղեկությունը ոստիկանության եւ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում։ Ոստիկանությունից դեռեւս չեն հայտնում նաեւ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, միայն նշել են, որ նա բերման է ենթարկվել։
Ավելի վաղ գրել էինք, որ զինված տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնի 3–րդ հարկի հիվանդասենյակների մոտ անկանոն կրակոցներ է արձակել։ Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել կրակոցներ արձակողի եւ հիվանդասենյակում հետազոտվող կալանավորված անձի փախուստը։ Կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։ Այս պահին իրավապահները դեպքի վայրում փորձում են պարզել մանրամասները։
Ինչպես հայտնում է NEWS.am–ի թղթակիցը՝ նրանք դեռեւս խուսափում են տեղեկություններ հայտնել, իսկ հիվանդանոցի աշխատակիցները վստահեցրել են, որ ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ եւ չեն հասցրել արձանագրել տեղի ունեցածի մանրամասները։