«Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղում նման բան տեղի չունենա»։ Այս մասին այսօր Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանի խոսքով` հանդերձարանում շատ վատ մթնոլորտ է եղել, եւ այս ամենի մեջ Մխիթարյանը մեղադրում է իրեն. «Խայտառակ պարտություն, դրա ամենամեծ մեղավորը ես եմ։ Ես եմ թիմի ավագը, ես եմ պատասխանատու թիմի համար, ես այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա»։
Մխիթարյանը համոզված է, որ կհասցնեն վերականգնվել եւ պատրաստ կլինեն խաղալ Ղազախստանի դեմ։ «Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հավատում են, ոգեւորում են, բայց, ամեն դեպքում, մենք չենք կարող բոլորին գոհացնել, բոլորը չեն կարող մեզ սիրել»։
Հիշեցնենք, որ այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Լեհաստանի ընտրանուն 1։6 հաշվով` աշխարհի 2018թ առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 9-րդ տուրում։