Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է տղամարդը Մոսկվայի կենտրոնում կրակում գործարար Արսեն Փափազյանի վրա: Դրսում տեղադրված տեսախցիկների կադրերը հրապարակել է «Իզվեստիա» թերթի կայքը:
Տեսանյութը մեկուկես րոպեից մի քիչ ավել է տեւում: Կադրերում երեւում է, թե ինչպես է կապյուշոնով կապույտ բաճկոնով մարդասպանը սպասում իր զոհին: Հենց գործարարը դուրս է գալիս, տղամարդը կրակում է նրա վրա եւ հեծանիվով փախուստի դիմում:
Այն, որ Փափազյանի վրա կրակողը հեծանվորդ էր, ավելի վաղ հաղորդել էր RBK-ն՝ տեղեկանալով Մոսկվայի Ներքին գործերի նախարարության իր աղբյուրից: Զրուցակցի համաձայն՝ հետաքննությունը դիտարկում է պատվիրված սպանության տարբերակը:
«Հայտնի է, որ Արսեն Փափազյանը զբաղվել է շինարարության եւ ճանապարհային բիզնեսով, նա ասֆալտապատման համար կապալներ էր գնում», - RBK-ին ասել է հետաքննությանը տեղյակ մեկ այլ աղբյուր:
Ենթադրվում է, որ հանցագործության վայրից անհետանալով՝ հանցագործը փոխել է հագուստը: ՆԳՆ-ից RBK-ին հայտնել են, որ սպանությունից մոտ մեկ ժամ անց ոստիկանություն է դիմել աշխատակիցը եւ հայտնել, որ Ելիզավետինսկի նրբանցի աղբարկղում տեսել է հեծանիվ ու կապյուշոնով բաճկոն:
Փափազյանի սպանությունը կատարվել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Մյասնիցկայա փողոց 22 հասցեով: