168.am-ը գրում է.
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյան դեռ ամառվանից ահազանգում էր, որ մսի գինը բարձրանալու է, իսկ սեպտեմբերի սկզբին մեզ հետ զրույցում նա ասել էր. «Այսօր մսի գինը թանկացել է. տավարի միսը թանկացել է մոտ 400 դրամով, խոզի միսը՝ մոտ 1000 դրամով։ Սա մորթման կետերի հետ կապել չի կարելի, սա կապված է անասունների գլխաքանակի անկման հետ։
Մեր տվյալներով՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 40 հազարով՝ նախորդ տարվա համեմատ, և, բնականաբար, մսի գինը պետք է բարձրանար։ Այդ 40 հազարի մոտ 26 հազարը կթու կովերն են»։
Վերջին օրերին երևանյան խանութներում միսը թանկացել է 20-30 տոկոսով, կարագը՝ 30: Այս թանկացումը Բերբերյանը կապում է անասնակերի խնդրի հետ։
«Ժամանակին անասնակեր չկուտակվեց, ամռանը երաշտ էր, և Գյուղնախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկեր։ Դեռ հուլիս ամսին մենք ձեզ հետ խոսել ենք դրա մասին, որ պետք էր ձևակերպվեր երաշտը և միջոցառումների շարք կազմակերպվեր․ այն տարածքներում, որտեղ կարելի էր խոտ կուտակել, չարվեց: Եթե նախկինում խոտի մեկ տուկն արժեր 400-600 դրամ, հիմա դրա արժեքը 1000-1200 դրամ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը՝ ընդգծելով՝ անասնակերի պակասը բերելու է նրան, որ ունենալու ենք մասսայական մորթ։
Բերբերյանի խոսքով՝ պատասխանատուներն իրենց տեղում չեն. «Թե մտածում են՝ գինեգործությունն է գյուղատնտեսությունը, չարաչար սխալվում են։ Մարդիկ մոռացել են, որ անասնապահությունը գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկն է․ կաթ խմել սիրում են, չալաղաջ ուտել սիրում են, բայց թե այդ չալաղաջը որտեղի՞ց է լինում՝ չեն իմանում։ Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, բայց մենք մեր մեթոդներն ունենք՝ մեղմացնելու այդ վիճակը։ Այդ ամենի հետևանքով՝ մենք ունենք կարտոֆիլի, բանջարեղենի բերքի կորուստ՝ մոտ 15-20%-ով, որի մասին էլի լռում են»։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը շեշտեց՝ նախորդ տարվա համեմատ՝ անասունների գլխաքանակը բավականին պակասել է։ Այս վիճակը, ըստ նրա՝ բերելու է ոչ միայն մսի, այլ նաև կաթնամթերքի թանկացմանը. «Մորթից հետո խիստ կպակասի կաթի արտադրությունը։ Որ ժամանակին ամեն ինչ անեին՝ մենք կարող էինք դա մեղմացնել»։
Բերբերյանը նշեց, որ այս վիճակից դուրս գալու համար առաջարկով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին. «Գրություն եմ ուղարկել վարչապետին, որ դիմի ՌԴ-ին, ԱՄՆ-ի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, որովհետև այդպիսի փորձ ունեցել ենք և մոտ 100 միլիոնի օգնություն ենք ստացել տարբեր երկրներից, որ անասնակեր ներկրենք, և այս վիճակը մեղմվի։ 2 օր առաջ ենք դիմել, դեռ պատասխան չունենք, եթե դա էլ չներկրվի, ուրեմն՝ անասունների գլխաքանակը վերականգնելու համար բավականին ժամանակ կպահանջվի»։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն կարծիքներին, թե մսի թանկացումը կապված է արտահանումների հետ. «Հանրապետությունում նախորդ տարվա տվյալնելով մոտ 600 հազար խոշոր եղջերավոր անասուն կար, և արտահանվող 1000-1200 գլուխը չէր կարող ազդել մսի արժեքի վրա։ Դա ի՞նչ թիվ է, որ շուկայի վրա էլ ազդեր»։
Նյութի աղբյուը՝ 168.am