Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, մեկնաբանելով Լիոնել Մեսսիի խաղն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Էկվադորի հետ խաղում (3:1), նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվողը քննադատներին ցույց է տվել, որ հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Մեսսին, հիշեցնենք, հեթ-տրիկի հեղինակ է դարձել այդ խաղում և նպաստել իր թիմի հաղթանակին.

«Էկվադորի հետ խաղում Մեսսին քննադատներին և այն մարդկանց, ովքեր կասկածում էին, որ ինքն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հակառակը ցույց տվեց:

Դա մի օր էր, որին բոլոր արգենտինացիները սպասում էին:

Ես հանգիստ էի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյունքներով Արգենտինայի հավաքականը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և ապահովեց իր տեղը Ռուսաստանում անցկացվելիք առաջնությունում: