ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամանել է Ժնեւ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կկայանա հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնեւում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Բաքվում նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այսօր վերականգնվում է «առանց որեւէ նախապայմանի»։ Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն կերպ փորձում էր տապալել բանակցությունները՝ տարբեր պատրվակներ հորինելով բանակցությունների վերսկսումը թույլ չտալու համար եւ առաջարկելով տարբեր պայմաններ։ Դրան ի պատասխան՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասել էր. «Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններում թելադրողի դիրքից է խոսում։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովների ժամանակ համաձայնությունների չկատարման պատասխանատվությունից առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առաջ»։
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել էր 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը հայտարարություն էին ընդունել, որում հաստատել էին, որ հավատարիմ են մնում Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Վիեննայում 2016-ի մայիսին կայացած հանդիպումը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ այն ընթացել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կիրառելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորություններն ընդլայնելու եւ բանակցային գործընթացի հնարավոր վերականգնման ուղղությամբ։
Նյութի աղբյուրը ՝ News.am