Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ էր:
Լատվիայի Սաեյմայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու եւ Լատվիա այցելելու համար: Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ խորհրդարանների միջեւ գործակցության խորացմանը նպաստում են բարեկամության խմբերը եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ: Նա բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը եւ պատրաստակամություն է հայտնել փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարեւոր է համարել նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան:
«Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Արեւելյան գործընկերությանը եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որը կարեւոր հանգրվան պետք է հանդիսանա ԵՄ-Արեւելյան գործընկերներ փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Մայիսի 16-ից Հայաստանը ստանձնեց նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Սա մեծ պատասխանատվություն է եւ, միաժամանակ, հնարավորություն մեր սեփական ներդրումն ունենալ կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այսօր, երբ Լատվիան արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2015թ. ԵՄ նախագահության ստանձնմանը, ուզում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը եւ ցանկությունը ակտիվորեն ներգրավվելու Արեւելյան գործընկերության օրակարգի ձեւավորման գործընթացում»,-ասել է նա:
Առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով կողմերը կարեւորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ Ռիգայում հունիսի վերջին կայանալիք հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները հանոզմունք են հայտնել, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հույս է հայտնել, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի եւ կդատապարտի ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը: Հովիկ Աբրահամյանը տիկին Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան.հրավերը սիրով ընդունվել է: