Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի անդամ, վիրաբույժ փորձագետ-բժիշկ Հայկ Խեչոյանը հայտնվել է դատարանում պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Խեչոյանը թիվ 16 պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ընթացքում սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերված «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6x4.2սմ չափսեր» ախտորոշման պայմաններում պարտավոր է եղել ուղարկել զորակոչիկ Ա. Փայտյանին քաղաքացիական բժշկական հաստատություններ հետազոտման: Սակայն, նա դա չի արել եւ Փայտյանին համարել պիտանի զինվորական ծառայությանը և ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում վերջինս զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության: Փայտյանը նման հիվանդությամբ 14 ամիս ծառայել է բանակում:
Հայկ Խեչոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութությունը), նա ստորագրությամբ ազատ է արձակվել: