Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արամ Խաչատրյանի գործով կա ձերբակալված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արամ Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։
Նախաքննությունը շարունակվում է: