Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը:

«Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած եւ այլ քաղաքական փոփոխությունների իրականացման համար: Փոփոխություններ են կրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, զորկոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նշեց, որ ըստ այդ փոփոխությունների, զորակոչի հայտարարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը. «Ուսման տարկետումը փոխկապակցվում է հետագա ծառայության տեսակի հետ. բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման փոխհատուցում»:

Նրա խոսքով, ըստ այդ փոփոխությունների, քաղաքացին, որն ընդունվում է ռազմական ուսումնական հաստատություն, կարող է ունենալ ընտրության հնարավորություն. «Կարող է 20-ամյա պայմանագիր կնքել զինված ուժերում ծառայելու հետ կապված, որը սոցիալական երաշխիքներ է տալիս, կարող է նաեւ 10 տարվա պայմանագիր կնքել»: