-Պարոն Մինասյան,  խոսենք Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպման մասին: Ինչպիսի՞ն է Ձեր ընդհանուր գնահատականը:

 -Գիտեք, եթե պաշտոնական խաղերի ժամանակ մեր միակ նպատակը խաղի արդյունքն է, եւ հաղթելը կարեւոր է, ապա ընկերական հանդիպումներում մենք փորձում ենք լուծել նաև այլ, գուցե առավել կարևոր խնդիրներ: Եթե խոսենք կոնկրետ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպման մասին, ապա կային երեք շատ կարևոր գործոններ: Առաջին հերթին, ունեինք նորեկներ, որոնց պետք է փորձարկեինք: Երկրորդ` կային խնդրահարույց դիրքեր, որոնց վրա պետք է աշխատեինք եւ ուշադրություն դարձնեինք, եւ երրորդ` քանի որ հավաքականն այնքան էլ հաճախ չի հավաքվում,  սա եւս մեկ հնարավորություն էր տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ եւ փորձել վերականգնել համագարծակցությունն օղակների միջեւ: Այս գործոններից ելնելով` արդյունքը կարող էր մղվել երկրորդական պլան, չնայած, անկախ դրանից, ես դեռեւս նախախաղային առաջադրանքի ժամանակ տղաներին ասացի, որ այս խաղում հաղթելը շատ կարևոր է, քանի որ դա լրացուցիչ վստահություն է հաղորդում թիմին: Խաղացողների մոտ պետք է միշտ առկա լինի հաղթողի հոգեբանությունը, անկախ նրանից, թե որ թիմի դեմ են խաղում:

 

-Այդ դեպքում ի՞նչն էր պատճառըոր Հայաստանի հավաքականը չկարողացավհաղթել Լյուքսեմբուրգի հավաքականին:

 

 -Հիմնական պատճառն այն էր, որ բոլոր խաղացողները, բացառությամբ, թերեւս, Հենրիխ Մխիթարյանի, առայժմ իրենց լավագույն մարզավիճակում չեն, քանի որ դեռևս նախապատրաստական փուլում են իրենց ակումբների կազմում: Երբ ես համեմատում եմ թեկուզ անցյալ տարվա հետ, երբ մենք խաղացինք Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ, այն ժամանակ խաղացողների ֆունկցիոնալ վիճակը շատ ավելի բարենպաստ էր, քանի որ խաղում էինք փետրվարի վերջին, իսկ նախապատրաստական փուլում նույնիսկ մի քանի շաբաթը շատ կարևոր է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Բայց, իհարկե, սա արդարացում չէ, եւ խաղից հետո էլ տղաներին ասացի, որ անկախ վերոնշյալ հանգամանքներից եւ նույնիսկ հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգում առաջնությունն ընթացքի մեջ է, մենք պետք է հաղթեինք այդ թիմին:

 -Ձեր կարծիքով ինչո՞ւ է  Հայաստանի հավաքականը դժվարանում խաղալ այնպիսիթիմերի դեմորոնք պաշտպանվում են մեծ ուժերով:

 -Բնականաբար, ցանկալի է այդպիսի թիմերի դեմ խաղում արագ գոլ խփել, որպեսզի նրանք մի փոքր «բացվեն»: Չնայած Անդորրայի հավաքականի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ սեփական դարպասն ընդունած գոլը կարող է չստիպել թիմին դա անել: Իսկ ընդհանրապես, զանգվածային պաշտպանության դեմ խաղալիս խնդիրներ են ունենում նույնիսկ կարգով ավելի բարձր թիմերը: Անկախ դրանից, մեր հարձակման գծի ֆուտբոլիստները կարողանում էին կարճ փոխանցումներով դուրս գալ մրցակցի պաշտպանների հսկողությունից, ուղղակի եզրափակիչ փուլում ամեն ինչ չէ, որ ստացվում էր:

 -Անդրադառնանք խաղային տարբեր դիրքերի առանձին-առանձին: Ինչո՞ւ չփորձարկվեց Արսեն Բեգլարյանը, իսկ Ռոման Բերեզովսկին անցկացրեց ամբողջ հանդիպումը:

 -Նախ եւ առաջ ասեմ, որ Արսեն Բեգլարյանի համար հավաքականի տղաների կողքին մարզվելը, նրանց հետ մի քանի օր անցկացնելն արդեն մեծ փորձառություն  էր: Հրավիրելով նրան այս հավաքին՝ մենք նպատակ ունեինք ծանոթանալ նրա ոչ միայն խաղային, այլեւ մարդկային որակներին՝ թե ինչպես է շփվում խաղընկերների հետ, ինչպես է իրեն պահում այս կամ այն իրավիճակում: Եվ պետք է ասել, որ Արսենը լավ տպավորություն թողեց՝ հատկապես հաշվի առնելով, որ ես նրան մոտիկից չէի ճանաչում եւ տեսել էի միայն խաղալիս: Կարծում եմ, որ Արսեն Բեգլարյանը հեռանկարային դարպասապահ է, բայց դեռ պետք է ամրապնդվի երիտասարդական հավաքականում: Կասպարովի խաղային որակներին ես շատ լավ ծանոթ եմ, եւ իմաստ չկար նրան փորձարկելու: Իսկ ինչ վերաբերում է Ռոման Բերեզովսկուն, նա է թիմի հիմնական դարպասապահը, եւ եթե հրավիրվում է հավաքական, հենց ինքն էլ խաղում է: Ինձ համար շատ կարևոր է, որ նա մշտապես լինի հավաքականում, քանի որ նա շատ փորձառու խաղացող է եւ կարևոր դերակատարում ունի թիմում: Նույն կերպ կարող եմ բացատրել նաեւ այն, որ որակազրկված խաղացողները՝ Հրայր Մկոյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Եդիգարյանը հրավիրվել էին այս հավաքին: Ինձ համար կարևոր է, որ հավաքականի հիմնական կազմի խաղացողները մշտապես լինեն հավաքականի մյուս տղաների հետ:

 -Իսկի՞նչ կասեք պաշտպանության եզրերում առկա խնդիրների մասին:

 -Այս խաղում այդ դիրքում խաղացին երկու ֆուտբոլիստներ, բայց հնարավոր է՝ հաջորդ խաղում այդ դիրքում խաղա ուրիշ ֆուտբոլիստ: Եթե հիշում եք, նախորդ տարվա վերջում ես ասացի, որ հնարավոր է այդ դիրքում խաղացնենք նաև կիսապաշտպանի: Ես նկատի ունեի Կամո Հովհաննիսյանին, որովհետև նրա խաղային որակները թույլ են տալիս խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում, սակայն, քանի որ ունենք նաև ձախ պաշտպանի խնդիր, Կամոն տեղափոխվեց այդ եզր: Եթե փորձենք ավելի կարճ ձևակերպել, պաշտպանության աջ թևի խնդիրը դեռ բաց է մնում: Իսկ ձախ պաշտպանի դիրքի համար կա եւս մեկ թեկնածու՝ «Գանձասարում» հանդես եկող Արթուր Ավագյանը, որի կարողություններին մենք դեռ պետք է ավելի մոտից ծանոթանանք:

 -Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Արտյոմ Խաչատուրովի խաղից: 

 -Իհարկե մեկ խաղով դժվար է կարծիք կազմել, բայց նա ունի շատ լավ որակներ, բավական երիտասարդ է եւ մեր կողմից շարունակվելու է դիտարկվել որպես հավաքականի թեկնածու: Նա բավականին լավ է վարվում գնդակի հետ եւ տիրապետում է առաջին փոխանցման: Ես կարծում եմ, որ նա կարող է օգտակար լինել մեր հավաքականին: Պակաս կարևոր չէ նաև այն, որ նա ունի մարդկային լավ որակներ, շատ շուտ մերվեց թիմին եւ ընդհանուր առմամբ, դրական տպավորություն թողեց:

 -Ի՞նչ կասեք Կարեն Մուրադյանի մասին:

 -Կարենը նույնպես բավականին լավ տպավորություն թողեց: Առաջին 20 րոպեներին մի փոքր հուզմունք կար նրա գործողություններում, բայց դա բնական է, քանի որ դա նրա առաջին խաղն էր ազգային հավաքականում: Երկրորդ խաղակեսում նրա խաղն ավելի հուսադրող էր:

 -Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Չեխիայի հավաքականի դեմ խաղում կտեսնենք կենտրոնական կիսապաշտպանների նույն զույգը՝ Կարեն Մուրադյան եւ Հենրիխ Մխիթարյան:

-Դժվար հարց է: Բնականաբար, ես կցանկանայի, որպեսզի ունենայինք Կառլեն Մկրտչյանին եւ Արթուր Եդիգարյանին համարժեք երկու հենակետային եւ հիմա մտածեինք, թե Հենրիխ Մխիթարյանին որ դիրքում խաղացնենք, բայց, ցավոք, մենք չունենք այդպիսի ընտրություն: Հետևաբար, այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ ամենահարմարը հենց Ձեր նշած տարբեակն է: Հնարավոր է, սակայն, որ մինչեւ չեխերի հետ հանդիպումը ինչ-որ բան փոխվի: Մենք պետք է հասկանանք, որ Հենրիխ Մխիթարյանի՝ հենակետայինի դիրքում խաղալը հարաբերական է, քանի որ նա ավելի շատ միտված է դեպի մրցակցի դարպասը:

 -Իսկ հնարավո՞ր է, որ այդ դիրքում փորձարկեք Արտյոմ Խաչատուրովին: 

 -Մենք մտածում էինք այդ ուղղությամբ, բայց թե մարզումներից ելնելով, թե անձամբ ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո հասկացանք, որ իր համար առավել հոգեհարազատ է կենտրոնական պաշտպանի դիրքը:

 -Ի՞նչ կասեք մեր մյուս նորեկի` Նորայր Ասլանյանի մասին

 -Շատ կարեւոր է, որ Ասլանյանը հավաքական եկավ մեծ ցանկությամբ եւ բավականին հեշտությամբ մերվեց թիմի խաղացողների հետ, բայց կարծում եմ` իրեն դեռ ժամանակ է պետք հավաքականի խաղաոճին հարմարվելու համար, եւ մենք նրան կտանք այդ ժամանակը: Խաղից հետո էլ ես նրան ասացի, որ մշտապես հետևելու ենք իրեն եւ դիտարկելու ենք որպես հավաքականի թեկնածու: Ի դեպ, ես գիտեմ, որ նա իր ակումբում խաղում է նաեւ կենտրոնում, բայց քանի որ մեր հավաքականում այդ դիրքում խաղացողն ավելի շատ խաղ կազմակերպողի ֆունկցիա է կատարում, իսկ իր ակումբում՝ ավելի շատ երկրորդ հարձակվողի, նպատակահարմար գտանք նրան խաղացնել եզրում: Բացի այդ, նա ինքն էլ նշեց, որ իրեն ավելի լավ է զգում եզրում խաղալիս:

 -Ինչպե՞ս եք գնահատում Էդգար Մանուչարյանի խաղը հարձակվողի դիրքում:

 -Բոլորս էլ գիտենք, որ Էդգար Մանուչարյանն առաջին հերթին հենց հարձակվող է եւ հենց այդ դիրքում է սկսել խաղալ: Հետո, երբ նա տեղափոխվեց «Այաքս», սկսեց հանդես գալ աջ հարձակվողի դիրքում: Մանուչարյանն այն ֆուտբոլիստն է, ով կարող է հաջողությամբ խաղալ երկու դիրքերում էլ: Ուղղակի աջ կիսապաշտպանի դիրքում խաղալիս նա ստիպված է նաեւ ավելի շատ պաշտպանվել, իսկ դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Նույն խնդիրն ուներ նաեւ Արաս Օզբիլիսը, քանի որ, ինչպես եւ Մանուչարյանը «Այաքսում», այնպես էլ Արասը խաղում էր ոչ թե աջ կիսապաշտպանի, այլ աջ հարձակվողի դիրքում, իսկ այդ երկու դիրքերի խաղացողների ֆունկցիաները տարբեր են: Բայց, ինչպես ես, այնպես էլ «Կուբանի»  մարզիչները պահանջում են, որպեսզի Արասն ուշադրություն դարձնի նաեւ պաշտպանական գործողություններին, եւ, պետք է ասել, որ նրա մոտ այդ առումով լուրջ առաջընթաց կա:

 -Ինչպե՞ս է շարունակվելու Չեխիայի հավաքականի հետ հանդիպման նախապատրաստությունը:

 -Նախ եւ առաջ, մենք պետք է հասկանանք, թե ինչ մարտավարությամբ է խաղալու Չեխիայի հավաքականը, իսկ դա կախված է, թե ովքեր կխաղան կենտրոնում: Ինձ համար հետաքրքիր էր, որ Թուրքիայի հավաքականի հետ խաղում բացակայում էին նրանց մի քանի առանցքային խաղացողներ, ուստի մենք պետք է լավ ուսումնասիրենք մրցակցին եւ հասկանանք՝ արդյոք մարզիչն ուղղակի փորձարկումներ էր կատարում, թե հնարավոր է, որ մեր դեմ թիմը խաղա մի փոքր փոփոխված կազմով, որովհետեւ, հատկապես հարձակման գծում, կային խաղացողներ, որոնց անուններն ինձ ծանոթ չէին: Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, այս անգամ որոշել ենք հավաքն սկսել մարտի 19-ին, իսկ մարտի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնենք Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ եւ կփորձենք վերջնականորեն կողմնորոշվել կազմի հարցում:

 

-Միխաիլ  Մարկոսովը կհրավիրվի՞ հավաքական Չեխիայի դեմ խաղին:

 

-Ինչպես գիտեք, Մարկոսովը հրավիրվել էր նաեւ Վալանս, բայց շատ ափսոս, որ տեխնիկական պատճառներով նա չկարողացավ միանալ մեզ Վալանսում: Ես նույնիսկ կողմ էի, որ նա ուշացումով գար եւ թեկուզ մի քանի րոպեով դուրս գար խաղադաշտ, կամ գոնե ծանոթանար հավաքականի խաղացողների հետ, բայց, ցավոք չստացվեց: Ամեն դեպքում, ես ասել եմ իրեն, որ մենք շարունակում ենք նրան դիտարկել որպես հավաքականի թեկնածու եւ մոտակա հավաքին նա անպայման կհրավիրվի հավաքական:

 ՞նչ կասեք Էդգար Մալաքյանի եւ Զավեն Բադոյանի մասին, որոնք այս անգամ չէին հրավիրվել հավաքական:

 -Երկուսն էլ շարունակում են մնալ հավաքականի լիիրավ անդամներ եւ հետագայում անպայման հրավիրվելու են հավաքական: Ուղղակի, կա խաղացողների որոշակի քանակ, եւ այս անգամ մենք նպատակահարմար էինք գտել եզրային կիսապաշտպանի դիրքում փորձարկել Նորայր Ասլանյանին:

 -Կա՞ն այլ խաղացողներ, որոնք, հնարավոր է, հրավիրվեն չեխերի հետ հանդիպմանը:

 -Մոտակա հավաքին մենք նախատեսում ենք հրավիրել «Հանզայում» հանդես եկող Սարգիս Ադամյանին, բայց առայժմ՝ երիտասարդական հավաքական: Եթե նա դրսեւորի իրեն լավագույն կողմերով, հնարավոր է, որ հրավիրվի նաև ազգային հավաքական: Չի բացառվում, որ հավաքական հրավիրվեն նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողներ, ովքեր կհասցնեն իրենց լավ դրսևորել մինչ չեխերի հետ հանդիպումը: Ընդհանրապես, ես կցանկանայի նշել, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում խաղացող բոլոր ֆուտբոլիստներին եւ ցանկանում ենք բոլորին էլ շանս տալ, բայց պետք է հասկանալ, որ պարտադիր չէ, որ մեկ գոլ խփող կամ մի փոքր աչքի ընկնող ֆուտբոլիստն անպայման հրավիրվի ազգային թիմ: Հավաքականը բոլորովին այլ մակարդակ է, եւ այստեղ պետք է խաղան լավագույններից լավագույնները: