Asekose.am-ը գրում է.

Այսօր Եվրոպայի գործող չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է: Վերջինս տոնում է ծննդյան 31-ամյակը: Asekose.am-ը զրուցել է Նազիկի հետ` ծննդյան անակնկալների, որդու յուրօրինակ նվերի, սպորտից հեռանալու, հոգեբանական դժվարությունները հաղթահարելու մասին և ոչ միայն: Հոբելյարի խոսքով` արդեն հասցրել է բազմաթիվ նվերներ ու շնորհավորանքներ ստանալ;
«Արդեն հասցրել եմ մի քանի նվերներ ստանալ, շատ գեղեցիկ անակնկալ եմ ստացել նաև ամուսնուցս: Նա գիշերն աշխատանքի էր, զանգահարեց, շնորհավորեց, ցավոք, չկարողացավ գալ `չնայած շատ էր ցանկանում: Բայց վաղ առավոտյան գեղեցիկ ծաղկեփնջով և հաճելի անակնկալով ներս մտավ: Չեմ կարող առանձնացնել որևէ նվեր կամ շնորհավորանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինձ համար շատ թանկ ու կարևոր է: Իսկ շնորհավորանքների հետ կապված` նշեմ, որ բոլորը մաղթում են, որ սպորտում մեծ հաջողություն ունենամ, ինքս էլ հույս ունեմ, որ ինչ-որ մրցումների կկարողանամ մասնակցել, նոր թողնել սպորտը, եթե, իհարկե, վնասվածքս, թույլ տա:Բոլորը դեռ ցանկանում են ինձ սպորտում տեսնել: Ես ինքս ինձ մաղթում եմ, որ կարողանամ հետագայում համատեղել ընտանիքս ու մասնագիտությունս: Իհարկե, ուզում եմ, որ տղաս առողջ ու հաջողակ լինի, քանի որ դա իմ համար ամենամեծ երջանկությունն է»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նազիկին ուրախացրել և հուզել է հատկապես որդու արարքը, որն իրեն անակնկալի է բերել:
«Որդիս դեռ 4 տարեկան է: Երեկ, երբ մանկապարտեզից գալիս էինք, ծաղկի սրահի կողքով անցնելիս ինձ ասաց` մամ, մի րոպե հիմա կգամ, բայց չասաց, թե ուր է գնում: Նրա հետևից մտա ծաղկի սրահ, և լսեցի, որ նա վաճառողուհուն ասում էր` մեկ հատ ծաղիկ կտաք մայրիկիս համար, մամայիս ծնունդն է այս օրերին, սակայն չգիտեմ` երբ: Հետաքրքիրն այն է, որ մենք մինչ այդ տանը չէինք խոսել ծննդյանս մասին: Իմ առաջին ու ամենամեծ նվերն էր, որ ստացա ծննդյանս նախորդ օրը (ժպտում է)»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նազիկը վստահեցրեց, որ տարիների գումարը երբեք չի անդրադառնում իր տրամադրության վրա.
«Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր չեն սիրում իրենց ծննդյան օրը, քանի որ մեծանում են, նման խնդիր չունեմ: Դա բնական բան է, ես ցավոտ չեմ տանում դա, սիրում եմ ծննդյանս օրը: Առհասարակ, միշտ ծննդյան խնջույքներ կազմակերպում եմ, հավաքվում ենք ընկերներով, սակայն այս տարի որոշեցինք ամուսնուս և որդուս հետ գնալ մի գեղեցիկ տեղ և հաճելի երեկո անցկացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։