«ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը։ Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն՝ որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը։

«Ժողովուրդ»–ի աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաև խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել։ Ամենայն հավանականությամբ, ամիսներ անց, երբ ամեն ինչ խաղաղվի, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, որից հետո իր թեկնածությունը կառաջադրի և ԱԺ պատգամավոր կդառնա Ս. Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների՝ արդեն մի քանի օր է, ինչ Ս. Խաչատրյանը ոստիկանության կողմից տրամադրված օրինական թիկնապահներով է շրջում»,– գրում է թերթը։