«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի համոզմամբ՝ «Արմավիա» ավիաընկերության վերադարձի մասին խոսք լինել չի կարող, այն չի վերադառնա։ Փոխարենը այսօր «Արմավիա»–ի նախկին աշխատակիցները՝ բորտ-ուղեկցորդուհիները, ինժեներները և օդաչուները, կրկին հավաքվելու են Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող ASG-ի ապահովագրական ընկերության շենքի մոտ, որտեղ տեղակայված են «Արմավիա»–ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ՍՊԸ-ների գրասենյակները։ Այս մասին գրում է թերթը և շարունակում. ««Ժողովուրդ»–ը գրել էր, որ ավիաընկերությունը խաբել է ոչ միայն ավելի քան 155 աշխատակցի, այլև Հայաստանի Հանրապետությանը. 2011թ.–ից մինչև 2013թ. համապատասխան սոցվճարումները չի արել։ Նախորդ բողոքի ակցիայի ժամանակ ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան խոստացավ, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվելու են հունիսի 7-ին։ Սակայն աշխատակիցներն այս մասին դեռ ոչ մի արձագանք չեն ստացել, դրա համար այսօր կհավաքվեն՝ պահանջելու։
Բանն այն Է, որ երկար տարիներ մարդիկ աշխատել են, սակայն այսօր կանգնել են թոշակ չստանալու վտանգի առջև։ Ի՞նչ պետք Է անեն նրանք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանը «Ժողովուրդ»–ին ասաց. «Մինչև 2012թ. դեկտեմբերի 31 –ը եղած իրավահարաբերությունների համար կարող են գալ մեր ծառայություն, դիմում գրել ու պահանջել իրենց աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվության մասին քաղվածք։ Սոցվճարների հավաքագրումը կամ դրա պատասխանատվությունը կրում Է ՊԵԿ-ը»։
Իսկ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Էլ «Ժողովուրդ»–ին տեղեկացրին. «ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների ՀՏ-ի կողմից ՀՀ վարչական դատարան Է ներկայացվել հայցադիմում «Արմավիա–ավիաընկերություն» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 7.035.703.888 դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Նշված պարտավորություններն առաջացել են շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտային հարկի և պետական տուրքի գծով։ ՀՀ վարչական դատարանի 19.04.2013թ. որոշմամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ ԽՀՎ ՀՏ-ի հայցն ընդունել Է վարույթ, ուստի առայժմ չենք կարող տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն»։
Նկատենք, որ ՊԵԿ-ն «Արմավիա»– ին դատի է տվել միայն աշխատակիցների բողոքից հետո»,– եզրափակում է թերթը։
«Արմավիայի» աշխատակիցները կանգնել են թոշակ չստանալու վտանգի առջև
