ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում 2016թ. մայիսի 29-ին հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի գործով դատավարությունը մեկնարկել է: Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առաջին նիստի ընթացքում հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները: Հարցաքննվել է նաեւ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի երկու անդամ:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմի հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադեւոսյանը լրացուցիչ հետազոտման ենթակա զինակոչիկին չի ուղեգրել քաղաքացիական բուժհիմնարկ, բանակում զինծառայողի առողջական խնդիրները բարդացել են, ինչի հետեւանքով նա մահացել է:
Սեդա Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես սրտաբան փորձագետ-բժիշկ, քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ իրավասու է եղել անհատական գնահատման կարգով որոշել նրանց առողջական վիճակը, պիտանելիության մասին տալ եզրակացություն, իսկ դժվարությունների դեպքում զորակոչիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բուժհիմնարկ:
Նրա կողմից տրված ախտորոշումները նպաստել եւ ուղղորդել են զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից որոշումների կայացմանը։ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում Սուրեն Մոսիյանի մոտ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ 2015թ. հայտնաբերված «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշման պայմաններում, որը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին եւ հաշվի առնելով ժամանակին չախտորոշվելու եւ չբուժվելու պարագայում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին բնորոշ բացասական զարգացումները, պարտավոր լինելով Սուրեն Մոսիյանին ուղարկելու հետազոտման քաղաքացիական բուժհիմնարկ, վերջինին չի ուղեգրել ու չի ուղարկել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար:
Սեդա Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Սեդա Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի ավագ երեխան էր։
Նյութի աղբյուրը` News.am