«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու, եւ ավել գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:
Մասնավորապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային ստաժը հաշվարկելու համար որոշակի կասկածներ կամ խնդիրներ են առաջացել, տվել են համապատասխան բովանդակությամբ հայտարարության տեքստ, ասել են, որ արտագրեն ու ստորագրեն: Իսկ այդ հայտարարությունում նշվում է, որ մի ինչ-որ ժամանակահատվածի համար ստաժը հաշվարկելիս անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն այդ ժամանակահատվածում թոշակառուի աշխատելու փաստը:
Թոշակառուն, իր կողմից ձեռագիր գրված ու ստորագրած հայտարարությամբ, համաձայնություն է հայտնում, որ մինչ պահանջվող հիմնավորումները ներկայացնելը, թույլատրում է, որ իր կենսաթոշակը վերահաշվարկվի՝ նվազեցվի: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաեւ «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կոնսաթոշակի 30 տոկոսի չափով: Մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ միայն իրենց բաժնում՝ Արաբկիրում, մոտ 300-400 այդպիսի թոշակառուներ կան:
Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը, լսելով հարցը, նշեց, որ ինքը տեղյակ չէ նման երեւույթից ու խոստացավ, որ կուսումնասիրի խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգա մեկնաբանությամբ:
Խնդիրը հետեւյալն է՝ մինչեւ 1992 թվականը մարդկանց աշխատանքային գրքույկներում արված գրառումները համարվում են բավարար՝ հիմք են ընդունվում ստաժ հաշվարկելիս: 1992-2005 թվականների ստաժը հաշվարկելու համար հիմք են ընդունվում տվյալ մարդու կողմից սոցվճար կատարելու մասին տեղեկանքը: Բայց քանի որ կարող են լինել նաեւ դեպքեր, որ գործատուն, օրինակ, սոցվճար չի կատարել, բայց քաղաքացին աշխատել ու աշխատավարձ է ստացել, դրա համար ավելացվել է նաեւ 2-րդ դրույթը, որ եթե այդ քաղաքացին աշխատավարձ ստանալու վերաբերյալ կներկայացնի, օրինակ, աշխատավարձերը փաստող ինչ-որ փաստաթուղթ, ապա նրա ստաժը կհաշվարկվի:
«Քանի որ, եթե դու աշխատավարձ ես ստացել, ուրեմն դու ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ես եղել, եւ որեւէ հաշվապահական հաշվառման անկարգապահություն քեզ չի առնչվում՝ ուրիշի սխալի պատճառով դու չես տուժի»,- «ՀԺ»-ին պարզաբանեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Արդեն 2005 թվականից սկսած մինչեւ 2013 թվականը աշխատողի, նրա ստացած աշխատավարձերի ու մուծած սոցվճարների վերաբերյալ ամբողջ տեղեկտվությունը գործատուները պարտավոր էին ներկայացնել անձնավորված հաշվարկի տեսքով: Բայց պարզվում է, որ այդ ժամանակահատվածում էլ եղել են գործատուներ, որոնք ոչ միշտ են պարտաճանաչ ձեւով ներկայացրել անհրաժեշտ տվյալները: Դրա համար 2005-2013 թվականներին ստաժի հետ կապված խնդիրներ են ունենում նաեւ այն քաղաքացիները, որոնց տվյալները գործատուները պատշաճ չեն փոխանցել, ու նրանք պարտավոր են սոցապահովության բաժիններ ներկայացնել լրացուցիչ տեղեկանքներ, որով կապացուցեն, որ նշված ժամանակահատվածում աշխատել են:
Սկսած 2013 թվականից՝ այդ ամբողջ գործառույթներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, եւ արդեն որեւէ խնդիր, անհայտ չկա: Իսկ բոլոր այն քաղաքացինեը, ովքեր այդպես էլ չեն կարողանա հիմնավորել ինչ-որ ժամանակահատվածում աշխատելու փաստը, նրանց թոշակները համապատասխանաբար նվազեցվելու են, իսկ նրանց ավելի ստացած գումարները պետք է հետ գանձվեն պետբյուջե:
Ու պարզվում է, որ հազարավոր քաղաքացիներ կան, որ այսօր կանգնել են նման խնդրի առջեւ: Նրանց ստաժը հիմա պետք է ճշգրտվի ու հետեւաբար նաեւ դրան համապատասխան կենսաթոշակներն էլ գուցե նվազեցվեն:
«Կենսաթոշակների մասին պետական օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, որի արդյունքում մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը վճարված կենսաթոշակներին մենք չենք անդրադառնում՝ քաղաքացիներից հետգանձում չի լինի, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից հետո կպակասեցվեն այն քաղաքացիների թոշակները, որոնց աշխատանքային գրքույկներում եղել են սխալ գրառումներ: Օրենքի փոփոխության արդյունքում՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո ավելի վճարված կենսաթոշակների համար էլ հավասարապես պատասխանատու են ե՛ւ քաղաքացին, եւ կենսաթոշակային համակարգի համապատասխան աշխատակիցը: Եթե սխալը կատարվել է կենսաթոշակային համակարգի աշխատակցի մեղքով՝ նշանակվել է սխալ կենսաթոշակ, ապա պատասխանատուն, տվյալ դեպքում, հանդիսանում է կենսաթոշակայինի աշխատողը, եթե կատարվել է քաղաքացու մեղքով, ապա պատասխանատուն հանդիսանում է քաղաքացին: Եվ բացառված չեն դեպքեր, որ երկուստեք պատասխանատու լինեն ե՛ւ աշխատողը, ե՛ւ քաղաքացին, ուրեմն նրանցից հավասարապես են հետ գանձվելու ավել վճարված թոշակները»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
Այստեղ արդեն պարզ է, թե ինչու են մեզ դիմած քաղաքացիներին տվել մի տեքստ, որտեղ ստաժի սխալ հաշվարկի ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցնում թոշակառուն: Որովհետեւ այդ դեպքում միայն ինքն է ամեն ամիս իր թոշակից 30 տոկոս վճարելով «մարում» ավել ստացած գումարը: Այսինքն՝ սոցապ բաժնի աշխատակիցները իրենց վրայից մեղքը փորձում են գցել, որպեսզի հանկարծ իրենք չփոխհատուցեն այդ գումարները: Քաղաքացիներն էլ՝ երբեմն չիմացության, երբեմն շոկային վիճակում, երբեմն առանց պատկերացնելու, թե ինչ հայտարարություն է իրենց առջեւ դրված, ստորագրում են ու կրակն ընկնում:
Ուստի նման դեպքերում, երբ քաղաքացին ստորագրել է այդ հայտարարությունը ու հետո է միայն հասկացել, թե ինչ է կատավում, կամ համաձայն չէ իր հանդեպ կայացված որոշման հետ, կարող են դիմել կա՛մ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, կա՛մ ԱԺ՝ համապատասխան հանձնաժողով, եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպք կուսումնասիրվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում